Ծովում սկսված ալեկոծության հետեւանքով «Կոստա Կոնկորդիան» կարող է ընդհատակ անցնել: Դա մեծապես անհանգստացնում է իտալական իշխանություններին, քանի որ նավի վերջնական խորտակումը բնապահպանական լուրջ խնդիրներ կառաջացնի:
Այժմ նավը կողքի է շրջված` հենված ժայռերին, բայց հավանականության կա, որ այն կսահի դրանց վրայից եւ կհայտնվի մինչեւ հարյուր մետր խորության վրա, հաղորդում է BBC-ն:
Զբոսանավի բաքերում առայսօր վառելիք կա: Բացի այդ, տեղի իշխանությունների խոսքով, նավից արդեն քիմիական որոշ թունավոր հեղուկներ են արտահոսել: Արտահոսքը կվնասի մոտակա Ջիլյո կղզու վարկանիշին, որը հայտնի էր իբրեւ գեղատեսիլ եւ մաքուր լողափերով հարուստ վայր:
Հիշեցնենք, Կոստա Կոնկորդիա» զբոսանավը ճեղքվածք է ստացել եւ խորտակվել հունվարի 13-ին իտալական Ջիլյո կղզու մոտակայքում: 4,2 հազար ուղեւորներով նավի անկումը ականատեսները համեմատել էին «Տիտանիկի» հետ: Դատախազությունը տեղի ունեցածի մեջ մեղադրում է նավապետին, նավապետը` նավիգացիոն քարտեզներում առկա սխալին: Ողբերգության զոհ է դարձել նվազագույնը 11 մարդ, 20-ից ավելին առայսօր անհետ կորած են համարվում:




























