«Օսկար» կինոմրցանակաբաշխության «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում 9 ֆիլմ է ներկայացված: Հունվարի 18-ին ամերիկյան կինոակադեմիան հանրությանը ներկայացրեց ոսկե արձանիկի հավակնորդների այսպես կոչված «երկար ցուցակը»:
Ցուցակում նշված են բելգիացի Մայքլ Ռոսկամի, կանադացի Ֆիլիպ Ֆալարդեի, դանիացի Օլե Քրիստիան Մեդսենի ֆիլմերը:
Առաջին հնգյակը եզրափակում են գերմանացի Վիմ Վենդերսի «Պինա» եւ իրանացի Ացգար Ֆարհադիի խոստումնալից «Նադերի եւ Սիմինի ամուսնալուծությունը» ֆիլմերը: Անցյալ տարի այն «Բեռլինալե» 61-րդ կինոփառատոնին «Ոսկե արջի» է արժանացել, իսկ այս տարի` «Ոսկե գլոբուսի»: Իր անվանակարգում այս ֆիլմը համարվում է «Օսկարի» համար առաջին առաջատարը:
Ցանկը եզրափակում են Կաննի փառատոնում հաջողություն ունեցած «Նշում» (Իսրայել), «Օմարն է սպանել ինձ» (Մարոկկո), «Մթություն» (Լեհաստան) եւ «Ծիածանների պատերազմները. Սեդիկ Բալե» (Թայվան) ֆիլմերը:
Այս անվանակարգում «Օսկարի» են առաջադրվել ֆիլմեր 63 երկրներից:
Ռուսաստանը ներկայացնում է Նիկիտա Միխալկովի «Արեւից կիզվածները - 2. Ցիտադել» ֆիլմը: Այս կինոնկարը հավակնորդների «երկար ցուցակ» չի ընդգրկվել: Ցուցակում չկա նաեւ Ղազախստանի կողմից առաջադրված Եգոր Միխալկով-Կոնչալովսկիի «Վերադարձ "Ա"» կինոնկարը:
«Օսկարի» առաջադրվածների անունները կհայտարարվեն 2012 թվականի հունվարի 24-ին «Սամյուել Գոլդուին» թատրոնում, որը գտնվում է կինոակադեմիայի շենքի ներսում: 84-րդ մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 26-ին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























