Կրասնոդարի «Կուբանի» նորեկ Մարկոս Պիզելին Sportbox.ru-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է Բրազիլիայի երրորդ դիվիզիոնից հայտնվել Ռուսաստանի Պրեմյեր լիգայում:
«Իսկապես դա հրաշք է: Համեստ «Սան Կարլոսում» խաղալիս ես, նույնիսկ, երազել չէի կարող, որ մի օր կհայտնվեմ Եվրոպայում եւ կխաղամ միջազգային մակարդակում: Դա ֆանտաստիկա է: Իմ գլխավոր սկզբունքն է երբեք չհանձնվել: Ֆուտբոլում հաճախ որոշիչ է լինում շանսի նշանակությունը: Եթե քեզ տրվում է հնարավորություն, ապա այն ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել: Ես արեցի ամեն ինչ իմ հնարավորությունն օգտագործելու համար: Երբ տեղափոխվեցի Հայաստան` վախեցնող էր հայտնվել այդքան անսովորո մթնոլորտում: Ես չունեի թարգմանիչ, ինձ ոչ ոք չէր հասկանում, ես էլ ոչ մեկի չէի հասկանում: Բայց ես հաղթահարեցի հարմարվելու ամենաբարդ պահը եւ Հայաստանում իմ հետագա կյանքի մասին հիշում են միայն դրական: Շնորհակալ եմ այդ երկրին եւ մարդկանց այն ամենի համար, ինչ ունեմ: Չեք պատկերացնի, թե ինչ հույզեր ունեցա, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն առաջարկեց հանդես գալ ազգային հավաքականում: Մինչեւ հիմա հիշում եմ այդ պահը` փշաքաղվում եմ: Իմ երազանքն է Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը»,- ասել է Մարկոս Պիզելին Sportbox.ru-ին:




























