ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան տեղյակ է համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի շուրջ վեճերից: Նա այդ մասին հայտնել է հունվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսում:

Հիշեցնենք, որ ներկայումս Ազգային ժողովում «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների կողմից օրենսդրական նախաձեռնություն է դրվել շրջանառության մեջ 100 տոկոսանոց ընտրակարգի անցնելու առաջարկով: Կոալիցիան դեմ է այդ օրինագծին:

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իրավիճակը եւ ընտրակարգի շուրջ տարաձայնությունները, ԵԱՀԿ ներկայացուցիչը նկատել է, թե «տեղյակ է բուռն քննարկումներից»: Նրա խոսքով, Եվրոպայում էլ ժամանակ առ ժամանակ բարձրացնում են ընտրակարգի հարցերը, բայց ոչ այդ սրությամբ: Հոֆստրան ասել է, թե կատարյալ ընտրությունները կախված չեն ընտրական համակարգից: «Փորձը ցույց է տվել, որ վերջին պահին բարեփոխումներ անելը այնքան էլ դրական չի ազդում ընտրությունների վրա»,- նշել է նա: