Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` հունվարի 19-ին իրենց հավատարմագրերն են հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպաններ Ջոնաթան Ջեյմս էյվզը եւ տիկին Քեթրին Ջեյն Լիչը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպաններին` մեր երկրում իրենց դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Հանրապետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ իրենց փորձառությամբ եւ համատեղ աշխատանքով Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանները կնպաստեն հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանը եւ տարբեր ոլորտներում համագործակցության առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից երկուստեք կարեւորվել են տարբեր մակարդակի փոխայցելությունների, շփումների ակտիվացումը, երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ պարբերական դարձած խորհրդակցություններն ու Մեծ Բրիտանիայի հետ փոխգործակցության զարգացումը Եվրոպական Միության ձեւաչափում եւս:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային հարցերի: