Հոնկոնգի դիտարանը օգոստոս ամսվա համար ռեկորդային օրվա տեղումների քանակ է գրանցել, որը կազմել է ավելի քան 355 մմ։ Նմանատիպ դեպք պատմության մեջ չի գրանցվել մոտ 140 տարի: Ըստ գերատեսչության, սև՝ ամենաբարձր մակարդակի նախազգուշացումը ուժի մեջ է մնացել նվազագույնը մինչև 17:00-ն։
«Ակտիվ հարավ-արևմտյան մուսսոնը ուժեղ անձրևներ և ամպրոպ է բերում հարավային Չինաստանի ափերին և Հարավչինական ծովի հյուսիսային մաս։ Մինչև ժամը 14:00-ն [Հոնկոնգի] աստղադիտարանի գրասենյակում այսօր գրանցվել է 355,7 մմ տեղում, ինչը գերազանցել է 1884 թվականից ի վեր օգոստոսին գրանցված օրական տեղումների ամենաբարձր ռեկորդը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Տեղումների առավելագույն քանակը գրանցվել է զբոսաշրջիկների շրջանում հայտնի Չիմսաչոյի առափնյա հատվածում, որտեղ գտնվում է Աստղերի պողոտան՝ հոնկոնգյան հայտնի կինոգործիչների հուշատախտակներով և հանրահայտ դերասան Բրյուս Լիի հուշարձանով։
Հոնկոնգի աստղադիտարանը՝ նախկինում հորդառատ անձրևների մասին սև (ամենաբարձր) մակարդակի նախազգուշացում է հայտարարել։ Իշխանությունները հայտնել են ջրհեղեղի վտանգի մասին և դպրոցներում դասերը դադարեցվել են։ Աշխատանքի դեպարտամենտը կոչ է արել բոլոր գործատուներին «ժամանակին և իրատեսորեն գնահատել աշխատողների՝ աշխատավայրում պարտադիր ներկայության անհրաժեշտությունը»։ Քաղաքի բոլոր լողափերը փակ են։ Սև նախազգուշացումը նշանակում է, որ տեղումների ինտենսիվությունը գերազանցում է ժամում 70 մմ-ը։



























