Հայաստանի զինված ուժերում 2011 թվականի  ընթացքում  արձանագրվել է մահվան ելքով դեպքերի կտրուկ նվազում: Այդ մասին այսօր` հունվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանը:

Վերջինիս խոսքով, ամփոփումները վկայում են, որ 2011թ արձանագրվել է զինվորական ծառայությունն անցնելու հետ կապված մահվան 36 դեպք (որից 30-ը հանցագործության հետևանքով, այդ թվում` 10-ը հակառակորդի կողմից կատարված)` 2010 թվականին գրանցված 54 դեպքի դիմաց:

«Այսինքն` Հայաստանի զինված ուժերում արձանագրված զինվորական ծառայությունն անցնելու հետ կապված մահվան ելքով դեպքերը 2011 թվականին նվազել են   մոտ 33.3 տոկոսով: Ընդ որում` անցած տարի գրանցվել է ծառայություն անցնելու հետ կապված սպանության երկու դեպք, նախորդ` 2010 թվականին սպանության 17 դեպքի համեմատությամբ: Այսինքն` այս ցուցանիշը նվազել է շուրջ 80,8 տոկոսով»,- նշել է Կոստանյան ու հավելել. «Անգամ մեկ մահվան դեպքը զինված ուժերում խիստ մտահոգիչ է եւ մարդու կյանքի մասին գնահատականները տալ թվային կամ տոկոսային վերլուծությամբ գուցե այնքան էլ ընդունելի չէ, սակայն, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ մահվան ելքով դեպքերը զինված ուժերում ակնհայտորեն նվազել են եւ զինվորական դատախազությունը շարունակելու է հետեւողական քայլեր ձեռնարկել զինված ուժերում հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու, պատժողական համարժեք քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ»:

Անդրադառնալով ԶՈւ-ում կատարվող հանցագործություններին, Կոստանյանը նշել է, թե 2011թ. ընթացքում Հայաստանի զինված ուժերում արձանագրված ընդհանուր հանցագործությունները 2010թ համեմատ նվազել են շուրջ տաս տոկոսով: «Փոխարենը ավելի քան կրկնակի աճել է պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշը: Այսպես. եթե 2010 թվականի պետության շահերի պաշտպանության նկատառումներով կատարվել է 301 ուսումնասիրություն, եւ պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 430 մլն 266 հազար դրամ, ապա 2011 թվականին զինվորական դատախազությունը կատարել է 591 ուսումնասիրություն, որի արդյունքում վերականգնված վնասը կազմել է 933 մլն 895 հազար դրամ»,- նշել է Կոստանյանը: