Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, գնալու է առայժմ միայնակ, սակայն բանակցություններ են ընթանում Վազգեն Սաֆարյանի գլխավորած Առաջադիմական միացյալ կոմկուսի հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայկոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
«Շուտով կավարտվեն այդ բանակցությունները եւ կորոշենք, թե ինչ ձեւաչափով մասնակցենք ընտրություններին»,- նշեց ՀԿԿ առաջնորդը: Նա նաեւ հայտնեց, որ կումկուսը մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ չի առաջադրելու: «Մեծամասնական առաջադրումներ չեն լինի, որովհետեւ ինչպես գները, այդպես էլ գրավի չափը թանկացրել են: Պատկերացրեք, կուսակցությունները 8 միլիոն գրավ պետք է դնեն: Հետո էլ ասում են, թե երկրում գների թանկացում չի եղել: Թե ի՞նչ փոխվեց, որ 2007-ից 2012 թվականը գրավը 300 տոկոսով թանկացավ, չգիտեմ: Նույնն էլ մեծամասնականի դեպքում, 1 միլիոն դրամ գրավ պետք է դնել»,- նշեց Թովմասյանը:
Վերջինս նշեց, որ իրենց համար դժվարը գրավի հարցն է, եթե «հաջողվի 8 մլն դրամ գրավի հարցը լուծել, շռնդալից մուտք են գործելու Ազգային Ժողով առնվազն 15 տոկոսի բնագծում»:
Վերջինս բացառեց համագործակցությունը Միավորված կոմունիստական կուսակցության հետ: «Այդ հարցը քննարկվել է ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի բյուրոյում եւ սառեցվել են նրա հետ հարաբերությունները»,- ասաց Թովմասյանը:
Ընտրացուցակի հարցը ՀԿԿ-ն դեռ չի քննարկել եւ չի բացառվում, որ բացի կուսակցականներից ցուցակում այլ, հայտնի մարդիկ լինեն, նաեւ ՀՀԿ-ն մեծամասնական ընտրակարգով աջակցի այլ թեկնածուների:
«Իհարկե հնարավոր է: Օրինակ, ես գտնում եմ, որ այս ընտրությունների համար մեծամասնական էլ կարելի է: Եթե հանկարծ Լեւոն Արոնյանը կամ մեկ ուրիշը որոշի առաջադրվել, ի՞նչ է. պետք է ասենք, որ անկուսակցական ես, մի՞ առաջադրվի: Այդպես էլ հանրահայտ բժիշկը, հանրահայտ գիտնականը»,- ասաց ՀԿԿ առաջնորդը չբացառելով, որ, օրինակ Լեւոն Արոնյանը լինի իրենց ցուցակում:
Հարցին, թե տեղյա՞կ է արդյոք հայտնի շախմատիստը իրեն սպասվող նման հեռանկարին, Ռուբեն Թովմասյանն ասաց, որ օրինակի համար է ասում. «Նա մեզ հետ չի առնչվում, ուղղակի եթե առաջադրվի, հո դռները չե՞նք փակելու իր առջեւ»:




























