Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ֆուտբոլի երկրպագուներին «ծեծել» Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Սերգեյ Ֆուրսենկոյին: Ընդ որում, Սերգեյը պատասխան է տալու եղբոր` կրթության նախարար Ֆուրսենկոյի համար:

Ֆուտբոլի երկրպագուների միությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցել են նաեւ FIFA-ն եւ UEFA-ն, հանկարծակի խոսք է գնացել կրթության մասին: Հանդիպման մասնակիցներից մեկը, դիմելով վարչապետին, կտրուկ քննադատության է ենթարկել Պետական միասնական քննական համակարգը: Պուտինն, իր հերթին խոստովանել է, որ չի հանդիսանում Պետական միասնական քննության երկրպագու, քանի որ այդ համակարգը ունի եւ դրական եւ բացասական կողմեր:

«Մենք կձանձրացնենք մեր հյուրերին, քանի որ պարոնայք Պլատինին եւ Բլատերը կապ չունեն կրթական համակարգի հետ: Բայց գիտեք ի՞նչ կարելի է անել, քանի որ մեր կրթության նախարարը պարոն Ֆուրսենկոյի հարազատ եղբայրն է, ապա կարելի է նրան «ծեծել», որ նա բարեւներ փոխանցի իր եղբորը»,-կատակել է Պուտինը, հաղորդում է «Ուտրո.ռու»-ն: