Ադրբեջանից փախստական հայերի հարցը պետք է դառնա միջազգային ատյանների քննարկման առարկան: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Նրա խոսքով, միջազգային հանրությունը փախստականների հարցը կապում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որը, զբաղվելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, առայժմ չի ընդգրկել հայ փախստականների հարցը քննարկվող հարցերի շրջանակում: Մեղքը, ըստ ազգագրագետւ, մեծ մասամբ Հայաստանի իշխանություններինն է:
Ըստ Խառատյանի, Ադրբեջանից փախստական հայերի հարցին բավարար ուշադրություն չի դարձվում, մեծ մասը դեռ ապրում է ժամանակավոր կացարաններում, քաղաքային բնակչությունը ի տարբերություն գյուղականի, առ այսօր չի ինտեգրվել:
Այդ համատեքստում ազգագրագետն ընդգծել է, որ Ադրբեջանը շահարկում են փախստականների հարցը: «Ադրբեջանում փախստականներն ուղղակի ողբալի վիճակում են, նրանց պահում են հատուկ ճամբարներում եւ երկիր ժամանող հյուրերին են ցույց տալիս»,- ասել է Խառատյանը:
Հայ փախստականները հրաշալի հասկանում են, որ անցած 20 տարում հայերի նկատմամբ ատելության այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ նախկին բնակավայրեր վերադառնալը անհնար է: Այդ համատեքստում ազգագրագետն առաջարկել է, որ փախստականների նոր հայրենիք կարող է դառնալ Շահումյանի շրջանը (ներկայումս օկուպացված Ադրբեջանի կողմից-խմբ.) կամ ԼՂհ շուրջ անվտանգության գոտին:




























