Հրազդան համայնքի Ջրառատ թաղամասի բնակիչը մինչ օրս չի կատարում Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի կողմից դեռևս 2020 թվականի օգոստոսի 19-ի գրության հիման վրա հայտնաբերված ապօրինի շինությունն ապամոնտաժելու պահանջը, ինչի հետևանքով տարածքում նոր՝ ինքնակամ կառույցներ են ավելացել և անանցանելի դարձրել հարևան բնակչի տուն տանող ճանապարհը:
Խնդրի մասին NEWS.am-ին ահազանգել է փաստաբան Լուսինե Վիրաբյանը: Վերջինիս խոսքով` Հրազդանի համայնքապետարանը հետամուտ չի եղել ինքնակամ կառույցները վերցնելու պահանջի կատարմանը, ինչի պայմաններում իր վստահորդը՝ Համեստ Առաքելյանը, ստիպված է եղել անձամբ դիմել դատարան՝ անշարժ գույքի օգտագործման և տիրապետման իրավունքի խոչընդոտը վերացնելու պահանջով:
Փաստաբանի խոսքով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շուրջ հինգ տարի տևած քաղաքացիական գործի քննության ընթացքում գործով պատասխանողը՝ Վարուժան Ալեքսանյանը, շարունակել է ապօրինի կառուցապատումը: 2023 թվականի փետրվարի 2-ին դատարանի որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական փորձաքննութուն, որի պատասխանը ստացվել է 2023թ. հունիսի 8-ին: Համաձայն «Դատշին» ՍՊ ընկերության տրամադրած փորձագիտական եզրակացության ՝ արձանագրվել է, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի թիվ 139/1 հասցեում առկա են ինքնակամ զբաղեցրած և չօգտագործվող տարածքներ. մասնավորապես համաձայն փորձագետի եզրակացության՝ առկա է ինքնակամ զբաղեցրած 478.3 քմ տարածք:
Փորձագետի տված եզրակացությամբ հաստատվել է նաև, որ Համեստ Առաքելյանին պատկանող հողատարածքի մուտքն իրականացվում է համայնքապատկան հողատարածքից, որը հանդիսանում է միջհամայնքային ճանապարհ՝ ապահովելով հարակից հասցեների մոտեցումն ու սպասարկումը: Մինչդեռ ըստ փաստաբանի՝ հարևանը, զավթելու իր վստահորդի տուն տանող համայնքային հողատարածքի մի մասը, ճանապարհը դարձրել է անանցանելի, ինչի հետևանքով Ջրառատի բնակիչը չի կարողանում անգամ իր բեռնատարը մոտեցնել սեփական տանը:
Լուսինե Վիրաբյանը տեղեկացրեց, որ փորձագիտական եզրակացություններն ուղարկել է նաև Հրազդանի համայնքապետարան, որը, սակայն մինչև օրս որևէ գործողություն չի իրականացրել համայնքին պատկանող զավթված հողատարածները համայնքին վերադարձնելու ուղղությամբ:
Ի դեպ՝ նախքան այս գործով փորձաքննության եզրակացության ստացումը, փոխվել է նաև գործը քննող դատավորը: Մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի մարտի 21-ի որոշմամբ գործը քննող դատավոր Ա. Մուշեղյանը տեղափոխվել է այլ դատարան և նրա վարույթում քննվող գործը մակագրվել է դատավոր Ա. Անտոնյանին:
Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տվյալների համաձայն` դատարանը 2024թ.հունվարի 17-ին որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին, ըստ որի՝ հայցվորը պետք է ապացուցեր հայցի հարուցման պահին հայցվորի՝ գույքի (Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, Ջրառատ թաղամաս թիվ 138 տուն) սեփականատեր կամ այլ օրինական (տիտղոսային) տիրապետող լինելու փաստը, ըստ այդմ՝ պատշաճ հայցվոր լինելու փաստը:
Իսկ արդեն նախորդ տարվա նոյեմբերի 7-ին դատարանը վճռել է մերժել Համեստ Առաքելյանի հայցը՝ պատճառաբանելով, որ որևէ կերպ հիմնավորված չէ հայցվորի կողմից սեփականության իրավունքի խախտումը վերացնելու պահանջ ներկայացնելու իրավունք ունենալու փաստը: Դատարանը փաստել է, որ Համեստ Առաքելյանը չի հանդիսանում Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի թիվ 138 տան սեփականատերը կամ օրինական հիմքով տիրապետողը, հետևաբար՝ ոչ պատշաճ հայցվոր է: Ըստ դատական ակտի՝ անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեում բնակվելն ու հաշվառված լինելը դեռևս բավարար չէ սեփականության իրավունքի խախտումը վերացնելու պահանջ ներկայացնելու համար: Դատարանը նաև արձանագրել է, որ ինքնակամ շինությունը քանդելու պահանջը ներկայացվել է որպես ածանցյալ պահանջ:
Փաստաբան Լուսինե Վիրաբյանի պնդմամբ, սակայն Համեստ Առաքելյանը հանդիսանում է Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի 138 տան նկատմամբ փաստացի ժառանգություն ընդունած ժառանգ, և քանի դեռ գործով չի ապացուցվել հակառակը՝ Համեստ Առաքելյանը նշված գույքը օգտագործում է օրինական հիմունքներով, հետևաբար՝ հանդիսանում է գույքի տիտղոսային տիրապետող:
Լուսինե Վիրաբյանը նշեց, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը կայացվել է նյութական և դատավարական մի շարք նորմերի կոպտագույն խախտումներով, ինչն էլ հիմք է հանդիսացել վերաքննիչ բողոքի համար։ Այս տարվա հունվարի 3-ին փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լ. Հովհաննիսյանի, որոշում է կայացրել բողոքի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով: Բողոքի քննության արդյունքում կայացվելիք դատական ակտը կհրապարակվի օգոստոսի 27-ին:
Նշենք, որ վիճելի հողատարածքների խնդրի մասին տեղյակ է անգամ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը: Ի պատասխան մարզպետի՝ 2024 թվականի դեկտեբերի 6-ի գրության՝ Հրազդանի համայնքապետ Սևակ Միքայելյանը պատասխանել է, որ Ջրառատ թաղամասի բնակիչ Վարուժան Ալեքսանյանը հրավիրվել է համայնքապետարան՝ խնդրի վերաբերյալ համատեղ քննարկման: Մարզպետը նույն հարցով համայնքապետին դիմել է նաև ամիսներ անց: 2025 թվականի ապրիլի 29-ին Հրազդանի համայնքապետը մարզպետին պատասխանել է, որ Ջրառատ թաղամասի 139 հասցեի տան սեփականատերերն այժմ գտնվում են ՀՀ-ից դուրս և անհրաժեշտություն է առաջացել սեփականատերերի ներկայությամբ քննարկել և կարգավորել բարձրացված հարցը:
Համաձայն փաստաբանի հայտարարության՝ հուլիսին համայնքապետարանի կողմից վիճելի հողատարածքներին հարող հատվածում կատարվել են տարածքի մաքրման աշխատանքներ, մինչդեռ Վիրաբյանի խոսքով` քաղաքացու խնդիրը վերաբերվում էր քաղաքաշինական նորմերի խախտմանը, այլ ոչ թե կոմունալ բաժնին:
Փաստաբանը շեշտեց` համայնքը քաղաքացու խնդրի լուծման համար չի դրսևորում բավարար կամք և վճռականություն, աչք է փակում մեկ այլ քաղաքացու կողմից համայնքի ՀՀ սեփականություն հանդիսացող տարածքների զավթմանը, և հարևան բնակիչների բողոքի ձայնը լռեցնելու համար ձևական բնույթով կատարում է մաքրման աշխատանքներ, որը համայնքի պարտականությունն է, այլ ոչ թե խնդրի լուծման այլընտրանքային տարբերակ:





























