Դիվանագետ ամուսիններին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան նշանակելը նմանատիպ միակ որոշումը չէ: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է բրիտանական ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

«Մենք ամուսնական զույգին որպես Մեծ Բրիտանիայի համատեղ դեսպան նշանակելու որոշումը շատ ճիշտ ենք համարում»,-նշել է նա:

Վերջին մի քանի տարիներին պաշտոնական Լոնդոնը քանիցս դիվանագետ ամուսինների համատեղ դեսպան է նշանակել տարբեր երկրներում: Այսպես, ընթացիկ ամսում լրացել է Թոմաս Քարթեր եւ Քերոլին Դեւիդսոն զույգի առաքելությունը Զամբիայում, իբրեւ բրիտանական գերագույն կոմիսարներ: Նրանք հիմա  դիվանագիտական նոր պաշտոն կստանձնեն:

Հայաստանում եւս որպես Մեծ Բրիտանիայի դեսպան ամուսնական զույգ է նշանակված:

Հիշեցնենք, Ջոնաթան Ջեյմս Էյվսը եւ Քեթրին Ջեյն Լիչը հունվարի 19-ին հավաստագրեր են հանձնել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Ամուսիններն իրենց պարտականությունները կկատարեն հերթականությամբ` 4 ամիսը մեկ փոխարինելով միմյանց: «Մենք հպարտ ենք, որ Հայաստանի դեսպան ենք նշանակվել: Հավատում ենք, որ մեր համատեղ էներգիայով եւ փորձով նոր ազդակ կհաղորդենք Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ առկա ջերմ հարաբերություններին: Կարծում ենք, որ միասին աշխատելով մեր երկրները կարող են իրական ավանդ ներդնել մեր ընդհանուր բարգավաճման ու անվտանգության գործում», -  ասել են դիվանագետները: