«Vada a bordo, c...»  («Վերադարձիր նավ, բ...») գրառմամբ շապիկները ներկա պահին մեծ ժողովրդականություն են վայելում Իտալիայում: Արտահայտությունը վերցված է «Կոստա Կոնկորդիա» խորտակված նավի նավապետի եւ ցամաքային պաշտպանության ներկայացուցչի զրույցի ձայնագրությունից: 

Հիշեցնենք, նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն նավը լքել է նախքան ուղեւորների տարհանման ավարտը, իսկ երբ այդ մասին իմացել է Լիվորնոյի նավահանգստի ղեկավար Գրեգորիո դը Ֆալկոն, նա նման  «հարգալից ոճով» նավապետին խնդրել է նավ վերադառնալ:

Մարդիկ նման կերպով իրենց դիրքորոշումն են արտահայտում. նրանց համար միեւնույն չէ նավապետի պահվածքը նման իրադրությունում: Հայտնի է նաեւ, որ նման անվանումով խումբ է ստեղծվել Facebook սոցիալական ցանցում, գրում է segodnya.ua-ը:

Հիշեցնենք, «Կոստա Կոնկորդիա» զբոսանավը  ժայռերին է բախվել հունվարի 14-ի գիշերը` իտալական Ջիլյո կղզու շրջակայքում: Նավաբեկության զոհերի թիվը տվյալ պահին 11 է, ավելի քան 20 մարդ անհետ կորած է համարվում:

Փրկարարական աշխատանքները շարունակվում են, բայց որեւէ մեկին ողջ գտնելու հույսը գրեթե մարել է: