Գյումրիում այրված կնոջ գործով արդեն մեկ ձերբակալված կա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են Շիրակի մարզային քննչական բաժնից, կատարվում է նախաքննություն:

NEWS am-ի թղթակցին հաջողվել է  գտնել Մարի Դավթյանի տնակը, ուր վերջին 2 ամիսներին բնակվել է նա՝ իր  իր մեկ տարեկան երեխայի եւ 13-ամյա քրոջ հետ: Նա սկզբում բնակվելիս է եղել Գյումրիի Ռեպինի փողոցում, մոր մահից հետո տեղափոխվել է Սավոյան փողոց եւ բնակվել  226/042 տնակում: Տնակը կիսաայրված վիճակում է` ապակիները կոտրված, իսկ ներսում խառնաշփոթ իրավիճակ է. դեսուդեն նետված մանկական հագուստներ, խաղալիքներ, մոխիրների մեջ ընկած հարսանեկան մեկ լուսանկար:

Հարեւանների վկայությամբ` տնակն այրվել է դեպքից մեկ շաբաթ առաջ: Նրանք տեսել են, թե ինչպես է այրվում, հետո Մարին հարեւաններին պատմել է, որ ինքը  այդ օրը գտնվելիս է եղել Նորավան թաղամասում՝ բարեկամներից մեկի տանը: Առհասարակ, այրված կնոջ մասին հարեւանները շատ բան չեն իմացել, Մարի Դավթյանը ոչ ոքի հետ չի շփվել: 

Շիրակի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Վահրամ Բեյբությանի փոխանցմամբ՝ Մարին ամուսնացած եղել է 2010թ-ին մի քանի օրով, Շիրակի մարզի Փանիկ գյուղում, հետո բաժանվել է եւ բնակվել մոր հետ:

Առայժմ դժվար է ենթադրել տնակի եւ դիակի այրումը միմյանց հետ կապ ունեն, թե ոչ: Բայց տնակի այրվելուց հետո Մարին բնակվել է ոմն Օնիկի բնակարանում, ով խղճացել է 1 տարեկան երեխային եւ մորը եւ նրանց հրավիրել իր տուն՝ բնակվելու: Սույն դեպքով ձերբակալված անձի ինքնությունը առայժմ չի հաղորդվում: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:

Հիշեցնենք, որ երեկ NEWS am-ը տեղեկացրել էր , որ Գյումրիի նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի վթարային շենքի մկուղից ոստիկանները հայտնաբերել են այրված եւ հոշոտված կնոջ դիակ: Դիակն այրված է եղել 70 տոկոսով եւ հոշոտված կենդանիների կողմից:

Գյումրիի ոստիկանապետ Վարուժան Շաշիկյանն ավելի վաղ հայտնել է, թե քննությունը կորոշի, թե ինչ հողի վրա է սպանություն կատարվել, բայց որ սպանություն կատարվել է, այս մասին նա չի հերքել՝ ասելով, որ ենթադրվում է նաեւ, որ սպանելուց հետո դիակն այրել են՝ հետքերը վերացնելու համար: