Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումից որեւէ առաջընթաց պետք չէ ակնկալել: Այս մասին NEWS.am-ին ասաց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը: Նրա խոսքով` եթե Կազանում կայացած նախորդ հանդիպումը ինչ-ինչ ակնկալիքների հույս էր ներշնչում, այս պահին նման բան չկա:«Ավելի հաճախակի դարձած փոխհրաձգության, ռազմական հռետորաբանության, կոնստրուկտիվիզմի բացակայության պարագայում դժվար է այդ հանդիպումից առաջընթաց, առավել եւս` բեկում ակնկալել»,- նշեց փորձագետը:
Պատասխանեոլով այն հարցին, թե արդյոք կփոխվի ռուսաստանյան միջնորդության ձեւաչափը նախագահական ընտրություններից հետո, Ալեքսանդրովը նկատեց, որ դա հավանական է. «Նախագահ Մեդվեդեւը մի փոքր գերագնահատել էր ռուսաստանյան միջնորդության հնարավորությունները: Դա պայմանավորված է նրանով, որ նա ընդհանուր առմամբ այնքան էլ լավ չի տիրապետում հակամարտության թեմային»,- հայտարարեց ցրուցակիցը: Նրա խոսքով` հավանական թեկնածուի` վարչապետ Պուտինի ընտրության պարագայում Ռուսաստանը կնվազեցնի իր միջնորդության աստիճանը:«Պուտինը հասկանում է հակամարտության էությունը, ինչպես նաեւ այն, որ տվյալ պահին էական առաջընթաց հնարավոր չէ ակնկալել: Ուստի Ռուսաստանը, իհարկե, մնալու է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, սակայն կդադարի այդքան ակտիվ լինել այդ հարցում»,-եզրափակեց Ալեքսանդրովը:
Հիշեցնենք, որ նախագահների մակարդակով եռակողմ հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին Սոչիում:




























