Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ընթացքում միջնորդեց հռչակել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անմեղությունըև կայացնել արդարացման վերդիկտ։
Իր եզրափակիչ ելույթում Երեմ Սարգսյանը նշեց, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ապօրինի՝ ոչ պատշաճ սուբյեկտի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, ինչն ինքնին քրեական հետապնդումը բացառող հանգամանք է։ Նրա խոսքով, բացի այդ, քրեական վարույթը նախաձեռնվել է մեկ տարի առաջ տեղի ունեցած հարցազրույցի հիման վրա, որը նախկինում քննության առարկա արդեն դարձվել է և դատախազությունն արձանագրել է, որ հանցակազմ առկա չէ և հրաժարվել է վարույթ նախաձեռնվել։
Իր եզրափակիչ ելույթում պաշտպանը կրկին շեշտեց, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանը կանխակալ է, դատարանի վճիռն էլ՝ կանխորոշված։
«Օրենքը մեզ պարտադրում է անդրադառնալ մեղադրող կողմի նշած ապացույցներին և հերքել մեղադրանքները՝ անկախ նրանից, որ նախագահող դատավորը վաղուց գիտեր, որ պետք է դատապարտի գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ու այլ ելք չունի, քան նրան մեղավոր ճանաչելը»,–նշեց Սարգսյանը։
Նշենք, որ նիստի ընթացքում եզրափակիչ ելույթով հանդես եկող հանրային մեղադրողը միջնորդեց մեղավոր ճանաչել Միքայել Սրբազանին։
Իր եզրափակիչ ելույթում դատախազ Վահան Հարությունյանը մեջբերեց հատվածներ Միքայել Սրբազանի՝ լրատվամիջոցներին տված հարցազրույցներից։
Նշենք, որ դատարանն ընդամենը 20 օրում ավարտել է հիմնական դատալսումների փուլը, և այժմ գործը ավարտական փուլում է։
Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 2–ին։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։



























