Հայաստանի իշխանությունները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները, մինչդեռ միջազգային գործընկերները ամբողջովին չեն օգտագործում իրենց ազդեցության լծակները՝ իրավիճակը բարելավելու համար: Այդ մասին ասված է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության` կիրակի օրը հրապարակած հերթական տարեկան զեկույցում։

Փաստաթղթում կազմակերպությունն արձանագրում է, որ 2011 թվականի ընթացքում պաշտոնական Երեւանը կրկին էական առաջընթաց չի արձանագրել մարտիմեկյան տասը սպանությունները բացահայտելու գործում, սահմանափակել է  հավաքների ազատությունը եւ բավարար քայլեր չի կատարել՝ բանակում ու անազատության վայրերում արձանագրված մահվան դեպքերը բացահայտելու համար։

«2008 թվականի մարտյան ողբերգական իրադարձություններից ավելի քան երեք տարից անց՝ այսօր էլ, դեռեւս որեւէ բովանդակալից հաշվետվություն չի ներկայացվել իրավապահների կողմից ուժի անհամաչափ գործադրման վերաբերյալ»,- փաստել են զեկույցի հեղինակներն ու հավելում. «Թեեւ Երեւանի քաղաքապետարանը 2011 թվականի ապրիլին արտոնեց ընդդիմությանը բողոքի ցույցը Ազատության հրապարակում, այդուամենայնիվ, ընդդիմության ակտվիստները հայտարարում են, որ իշխանությունները խոչընդոտել են այլ քաղաքներից ցուցարարների տեղաշարժն ու մասնակցությունը մայրաքաղաքում կազմակերպվող զանգվածային միջոցառումներին»։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, զեկույցը փաստում է, որ Հայաստանում  շարունակում են լուրջ խնդիր մնալ ոստիկանությունում ու բանակում իրականացվող կտտանքներն ու դաժան վերաբերմունքը, որոնց մասին հաղորդում են տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։

«Օգոստոսին ոստիկանությունը ծեծի ենթարկեց եւ ձերբակալեց Հայ ազգային կոնգրեսի մի քանի ակտիվիստների, յոթին մեղադրանք առաջադրվեց խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Ու թեեւ բժիշկները  նրանց մոտ վնասվածքներ էին հայտնաբերել, այդուամենայնիվ, որեւէ քննություն չիրականացվեց ոստիկանության գործողությունների շուրջ»,- արձանագրել է Human Rights Watch-ը եւ հավելել, որ բռնություններից ու կտտանքներից բացի` Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը ստվերում են նաեւ չպատճառաբանված մահվան դեպքերը ազատազրկման վայրերում ու բանակում։

Մամուլի ազատությանը նվիրված բաժնում կազմակերպությունը նշել է, որ իշխանությունները ապաքրեականացրել են վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված հոդվածները, սակայն փոխարենը` դատարանները սկսել են մեծ տուգանքներ ու ոչ համաչափ փոխհատուցումներ սահմանել, որոնք «որոշ դեպքերում սպառնալիք են դարձել թերթերի գոյության համար»։

Զեկույցի վերջում Human Rights Watch-ը նկատել է, որ 2011-ին Հայաստանի միջազգային գործընկերներից մի քանիսը սահմանափակել են իշխանությունների հասցեին իրենց քննադատությունը։

«2011 թվականի հոկտեմբերին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ ընդունեց Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, արձանագրելով, որ 2008 թվականի մարտի 1-ի էջը վերջապես կարելի է փակված համարել», - նշել է Human Rights Watch-ը` անհարկի որակելով Հայաստանի կառավարությանը տրված այդ վստահությունը։