Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հայտարարությունը, թե ինտենսիվ բանակցութունների արդյունքում առաջընթաց է ձեռք բերվել ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ, լավատեսական ձեւակերպում է մի իրավիճակի, որի համաձայն այդ սկզբունքները կարող են ստորագրվել, բայց կարող են նաեւ չստորագրվել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը` հիշեցնելով, որ այդ նույն սկզբունքները Կազանում կայացած նույն ձեւաչափով նախորդ հանդիպման ժամանակ Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել:

«Չեմ կարծում, թե նախորդ հանդիպումից հետո ինչ-որ բան է փոխվել», - նկատեց Սերգեյ Մինասյանը` ուշադրություն հրավիրելով հայտարարության այն կետին, որտեղ ասվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ի գիտություն են ընդունել համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննության անցկացման  մեխանիզմի վերաբերյալ համատեղ մշակած զեկույցը եւ հանձնարարել են շարունակել այդ աշխատանքը:

«Այդ կետը վկայում է, որ միջադեպերի հետաքննության հարցում համանախագահների ակտիվությունը կարող է աճել», - նշեց Սերգեյ Մինասյանը:

Քաղագետը կարծում է, որ հանդիպումը շրջադարձային չէր, բայց որոշակի առաջխաղացում կա: «Ստատուս քվոն պահպանվում է, իսկ բանակցությունները կընթանան խաղաղության պահպանման, միջադեպերի եւ ռազմական գործողությունների բացառման ուղղությամբ: Սա այն է, ինչի հետ նախկինում կտրականապես չէր համաձայնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը», - հայտարարեց Կովկասի փոխտնօրենը:

Ռուսաստանի նախագահի պաշտոնից Դմիտրի Մեդվեդեւի հեռանալուց հետո բանակցային գործընթացում Ռուսաստանի միջնորդական առաքելության ձեւաչափի հնարավոր փոփոխության մասին Սերգեյ Մինասյանը նշեց. «Ռուսաստանի հաջորդ նախագահի համար ղարաբաղյան հակամարտության հարցը քիչ կարեւոր կլինի: Սակայն Մոսկվան բաց չի թողնի միջնորդի դերը եւ այն հնարավորությունները, որ ընձեռում է այդ դերը: Կրեմլը բոլորից շատ է շահագրգռված, որպեսզի թույլ չտա պատերազմ Լեռնային Ղարաբաղում: Ռուսաստանի միջնորդության հետագա ձեւաչափի մասին խոսելը դեռ վաղ է, բայց անկասկած այն կլինի, թեկուզ եւ քիչ ակտիվ»:

Մինասյանի կարծիքով, եթե տեղի ունենա ղարաբաղյան հակամարտության էսկալացիա, ապա Մոսկվան ստիպված կլինի ընտրություն կատարել ռազմավարական դաշնակցի եւ կարեւոր տնտեսական գործընկերոջ միջեւ: «Տվյալ դեպքում, Կրմելում վարում են «չընտրելու» քաղաքականություն, որի համար միակ ուղին պատերազմի բացառումն է», - եզրափակեց փորձագետը:

Հիշեցնենք, որ Սարգսյանը, Մեդվեդեւն ու Ալիեւը հանդիպել են հունվարի 23-ին Սոչիում` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում: Հանդիպումը կայացել է Մեդվեդեւի նախաձեռնությամբ: Եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները հանդես են եկել  համատեղ հայտարարությամբ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ:

Նախագահները հայտարարել են, որ ինտենսիվ բանակցութունների արդյունքում առաջընթաց է ձեռք բերվել ԼՂ կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել արագացնել Հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը` հաշվի առնելով մինչ այժմ իրականացված աշխատանքը:

Երկու նախագահները բարձր են գնահատել Ռուսաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ մյուս երկրների միջնորդական առաքելությունն ու հույս հայտնել, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան այդ կարգավիճակում հետագայում եւս ակտիվ դերակատարություն կունենան կարգավորման գործում` ընդհուպ մինչեւ տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը:

Ի զարգացումն 2011թ. մարտի 5-ին Սոչիում արված Համատեղ հայտարարության դրույթի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ի գիտություն են ընդունել համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննության անցկացման  մեխանիզմի վերաբերյալ համատեղ մշակած զեկույցը եւ հանձնարարել են  շարունակել այդ աշխատանքը:

Նախագահները հաստատել են, որ ԼՂ կարգավորման համատեքստում վստահության ամրապնդման միջոցներից է կողմերի միջեւ հումանիտար շփումների զարգացումը: