ԱՄՆ ծովային կորպուսի ստորաբաժանման հրամանատար Ֆրենկ Վութերիչը, որը մեղադրվում է իրաքցի 24 անզեն մարդկանց սպանության մեջ, դատավճիռը մեղմացնելու համար գործարքի մեջ է մտել արդարադատության հետ: Նա ընդունել է իր մեղքը` փոխարենը պահանջելով իր վրայից հանել խաղաղ 9 բնակիչների սպանության մեղադրանքը: Վութերիչն արդյունքում առավելագույն` երեք ամիս ժամկետով ազատազրկման է ենթարկվել, տուգանքի եւ կոչման իջեցման: Ռազմական դատարանն իր դատավճիռը կհրապարակի մոտ օրերս:
31-ամյա Վութերիչի գործը ԱՄՆ պատմության մեջ մարտական գործողությունների ընթացքում գործած հանցագործությունների համար զինծառայողի դեմ հարուցված քրեական խոշորագույն վարույթներից է, գրում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, միջադեպը տեղի է ունեցել 2005թ. նոյեմբերի 19-ին Հադիթայում, երբ ճանապարհային ռումբի պայթյունի հետեւանքով ծովային մեկ զինվոր զոհվել, երկուսը վիրավորվել են: Դրանից հետո հրամանատար Վութերիչը քիչ այն կողմ գտնվող տղամարդկանց կրակելու, ինչպես նաեւ մի քանի տուն «սրբելու» հրահանգ է տվել: Ավելի ուշ Վութերիչը պնդել էր, որ գործել է կանոնադրության համաձայն:
24 զոհերից 10-ը կանայք եւ երեխաներ են եղել: Նրանցից շատերին ծովայինները սպանել են մոտ տարածությունից գլխին կրակելով:




























