Կառավարությունն այս տարի էլիտար ցորենի եւ գարու սերմերին զուգահեռ Ռուսաստանից Հայաստան է ներմուծելու նաեւ բարձորակ պարարտանյութ: Այս մասին NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը:
Նրա խոսքով, գյուղատնտեսության նախարարությունից հրահանգ է իջեցվել մարզերին` տեղերում հերթագրել գյուղացիներին, որպեսզի ներկրված բարձրորակ պարարտանյութը ձեռք բերեն կանխիկ վճարելով: «Համայնքներին հատկացվող խմբաքանակը հավասար է՝ մեկ տոննա, իսկ գինը շուկայականից ցածր է՝ մոտավորապես 6000-6500 դրամ՝ հաշվի առնելով ճանապարհածախսը: Բոլորն, ովքեր կամենում են, պետք է ցուցակագրվեն գյուղապետարաններում»,-նշել է Մովսես Մանուկյանը:
Գյուղապետարաններում ցուցակագրումն արդեն ավարտված է, իսկ պարարտանյութ ձեռք բերելու համար ցուցակագրվածների թիվը մեծ չէ: Ոչ բոլորն են հերթագրվել պարարտանյութ ձեռք բերելու համար: Վահրամաբերդում, ինչպես նաեւ հարեւան Մարմաշեն եւ Լենգես գյուղերում ցուցակագրված բնակիչները շատ չեն, իսկ պատճառները մի քանիսն են:
Վահրամաբերդի բնակիչ 84-ամյա Աշիկ Հակոբյանի խոսքով՝ նա գումար է տնտեսում, որպեսզի կարողանա երկու պարկ պարարտանյութ գնել: «Առողջությունս էլ չի ներում, բայց այլընտրանք չունեմ, գյուղատնտեսությամբ եմ զբաղվում: 27 հազար դրամ թոշակ եմ ստանում, ամսական 1000 դրամ կողքի եմ դնում, որ սելիտրա առնեմ»,-ասել է Աշիկ Հակոբյանը:
Գյուղացիներից շատերը հրաժարվում են պարարտանյութ ձեռք բերել, քանի որ առհասարակ գյուղատնտեսությամբ զբաղվելն անհեռանկարային են համարում: Նրանց խոսքով՝ պարարտանյութ տալ դեռ չի նշանակում ապահովագրել բերքը: «Վարում ենք, ցանում ենք, պարարտանյութն էլ թանկ ու կրակ տալիս առնում ենք, բայց կարկուտը խփում տանում է, տերն ո՞վ է, ո՞վ է պատասխան տալու»,-դժգոհել են վահրամաբերդցիները:
Իսկ Շիրակի մարզի Լենգես գյուղի բնակիչները կասկածներ ունեն նաեւ ներկրվող պարարտանյութի որակի հարցում: Նրանց խոսքով՝ մեկ անգամ արդեն օգտվել են կառավարության ներկրած պարարտանյութից եւ զղջացել են: «Վրան գրված է 30 տոկոս, բայց 13 տոկոսանոց է եղել, մեր մոտի լաբորատորիայով ենք ստուգել»,-ասել են նրանք: Գյուղացիների խոսքով՝ փոխանակ կառավարությունը մտածի պարարտանյութ ներկրելու մասին, ավելի լավ է թող տեղական արտադրություն կազմակերպի, որպեսզի գինն իջնի եւ գյուղացին ստիպված չլինի մեկ պարկ պարարտանյութի համար 6.500 դրամ վճարել:
Վահրամաբերդի գյուղացիները դժգոհ էին նաեւ ոռոգման համար գանձվող գումարներից: Այն որ գյուղատնտեսությամբ շատերը չեն զբաղվում, պատճառներից մեկն էլ ոռոգումն է: Գյուղացիների խոսքով՝ Վահրամաբերդ, Մարմաշեն, Լենգես գյուղերին ոռոգման ջուրը տրվում է ինքնահոս եղանակով, այսինքն լրացուցիչ միջոցներ չի պահանջվում, սակայն գյուղացիներից բավականին բարձր գումարներ են գանձում, հաշվի չառնելով նաեւ այն, որ այս կողմերում հողը բարեբեր չէ:



























