Այսօր, հունվարի 25-ին, կեսգիշերից հետո ժամը 1-ին տեղի կունենա ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի «Բարսելոնա» - «Ռեալ» պատասխան հանդիպումը: Մադրիդում կայացած առաջին խաղում կատալոնացիները հաղթեցին 2:1 հաշվով: Պատասխան հանդիպումից առաջ Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իր թիմը պահպանում է կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորություն:

«Մենք ունենք կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորություն եւ կփորձենք օգտվել այդ հնարավորությունից: Մենք լավ ծանոթ ենք «Բարսելոնայի» խաղին: Իհարկե ծանր է լինելու, բայց փորձելու ենք շտկել դրությունը եւ անցնել հաջորդ փուլ:

Պեպեն կխաղա, եթե լավ մարզավիճակում լինի: Խնդիրներ ունեն Գրաներոն ու Դիարան: Ես պատրաստ չեմ հրապարակել մեկնարկային կազմը: Որոշված չէ նաեւ մարտավարությունը»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Ռեալի» կայքը:

Բուքմեքերները «Ռեալի» հաղթանակին չեն հավատում: 218-րդ Էլ Կլասիկոյում «Բարսելոնայի» հաղթանակի միջին գործակիցը 1.6 է, ոչ ոքիինը` 4, «Ռեալի» հաղթանակինը` 4.7