Գերմանիան մինչև 2030 թվականը 35 միլիարդ եվրո կծախսի տիեզերական պաշտպանության վրա, հինգշաբթի օրը հայտարարել է պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ հղում անելով Ռուսաստանի և Չինաստանի կողմից ներկայացվող սպառնալիքին, հաղորդում է AFP-ն։
«Ռուսաստանը և Չինաստանը վերջին տարիներին արագորեն ընդլայնել են իրենց տիեզերական պատերազմի հնարավորությունները», - ասել է նա։
«Նրանք կարող են անջատել արբանյակները, խափանել դրանք, մանիպուլյացիաներ կատարել կամ նույնիսկ ֆիզիկապես ոչնչացնել արբանյակները։ Տիեզերքում սահմաններ կամ մայրցամաքներ չկան։ Մենք Գերմանիայի զինված ուժերում ստեղծում ենք կառույցներ, որոնք թույլ կտան մեզ արդյունավետորեն պաշտպանվել և կանխել պոտենցիալ հակառակորդներին տիեզերքում», - նշել է Պիստորիուսը։
Գերմանիայի տիեզերական անվտանգության ճարտարապետությունը կներառի «արբանյակային համաստեղությունների դիմացկուն համակարգ, գետնային կայաններ, անվտանգ մեկնարկային կայաններ և դրանց հետ կապված ծառայություններ», ինչպես նաև «կիբերանվտանգություն բոլոր տիեզերական համակարգերի համար»։
Գերմանիան նաև «բարելավում է մեր իրավիճակային իրազեկությունը ուղեծրում՝ ռադարների, աստղադիտակների և տիեզերական հսկողության արբանյակների ապագա տեղակայման միջոցով»։
Պիստորիուսը հայտարարել է, որ «միայն մինչև 2030 թվականը մենք նախատեսում ենք համապատասխան նախագծերի համար բյուջետային միջոցներից հատկացնել 35 միլիարդ եվրո»։





























