Բրազիլիայի խորհրդարանը հաստատել է հանցագործության վայրում հանցագործներին «չեզոքացնող» ոստիկաններին դրամական բոնուսներ տրամադրող օրինագիծ, հաղորդում է La Nación-ը։
Փաստաթուղթը, ինչպես սպասվում է, 15 օրվա ընթացքում կստորագրի, պետական հեղաշրջման փորձի համար պատիժ կրող նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի դաշնակից, նահանգապետ Կլաուդիո Կաստրոն։
Ըստ օրինագծի՝ ոստիկանները կկարողանան ստանալ իրենց աշխատավարձի 10%-150%-ի չափով պարգևավճարներ՝ խոշոր տրամաչափի զենքի բռնագրավման կամ հանցագործների չեզոքացմանը հանգեցնող գործողությունների համար։ Նախաձեռնությունը քաղաքացիական ոստիկանության բարեփոխման մի մասն է, որը պատասխանատու է հետաքննությունների համար՝ ի տարբերություն ռազմական ոստիկանության։
Օրենքի դեմ հանդես են եկել ակտիվիստները, մարդու իրավունքների պաշտպաններն ու ընդդիմությունը։ Դաշնային պատգամավոր Էնրիկե Վիեյրան նախաձեռնությունն անվանել է «մահը պետական քաղաքականության վերածելու բռնության խթան»։ Փաստաբան Ջեֆ Ամադեուսը զգուշացրել է «պարգևավճարների համար ամեն ինչ անելու պատրաստ ոստիկանների ձեռքով զանգվածային կոտորածի» վտանգի մասին։
Նմանատիպ միջոցառում, որը կոչվում էր «Վայրի Արևմուտքի բոնուս», ուժի մեջ էր 1995-1998 թվականներին, սակայն իրավապահ մարմինների աշխատակիցների ձեռքով մահացության աճի պատճառով չեղյալ էր հայտարարվել։



























