Իտալիայում հայտնաբերված խոշորագույն անօրինական գործարանում ավելի քան 150 տոննա կեղծ ծխախոտ է առգրավվել, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը։

Հռոմից հարավ-արևելք ընկած Կասսինո քաղաքի մոտ տեղակայված ստորգետնյա բունկերում գտնվող 1600 քառակուսի մետր մակերեսով գործարանն, ըստ գնահատականների, օրական ավելի քան յոթ միլիոն, տարեկան մոտ 2,7 միլիարդ ծխախոտ էր արտադրում։

Անօրինական գործարան մուտք գործելը հնարավոր էր դարձել «բարդ հիդրավլիկ մեխանիզմի միջոցով, որը կատարելապես թաքցնում էր բունկերը, որտեղ տեղադրված էին հաստոցները և պահվում էին կեղծ ծխախոտների տոննաներ»,- ասված է հայտարարության մեջ։

Ոստիկանությունը «գրեթե դատարկ» լոգիստիկ պահեստում որտեղ կասկածելի գործունեության որևէ նշան չի հայտնաբերվել, խուզարկության ժամանակ հայտնաբերել է ստվարաթղթե տուփի մեջ թաքնված էլեկտրական անջատիչներ։ Սարքը կառավարում էր պահեստում տեղակայված հիդրավլիկ լծակները, որոնք բարձրացնում էին բունկերի մուտքը թաքցնող ալյումինե խցիկ։

Ներսում գործակալները հայտնաբերել են «իսկական արդյունաբերական գործարան», որը կառուցվել էր «ամենաժամանակակից տեխնոլոգիական չափանիշներով», հագեցած էր ծխախոտի վերամշակման և կեղծ սիգարետների փաթեթավորման երեք գծերով: Ֆինանսների նախարարությունը հավելել է, որ գաղտնի օբյեկտը, որը կարող էր րոպեում արտադրել մոտավորապես 5000 սիգարետ, միաժամանակ հագեցած էր արտադրական գործընթացից վնասակար նյութերի արտահոսքը կանխող օդափոխության համակարգով:

Ըստ հայտարարության՝ ժամանակավոր տարածքը ներառում էր 18 մահճակալ, լոգարաններ, ցնցուղներ և ճաշարան, ինչպես նաև տեղում սարքավորումների վերանորոգման արհեստանոց: Նախարարությունը գնահատում է, որ գործարանի տարեկան եկամուտը գերազանցել է 900 միլիոն եվրոն:

«Մինչ օրս հետաքննությունը բացահայտել է հարկերից խուսափելու ընդհանուր գումարը՝ մոտ 600 միլիոն եվրո»,- ասված է հայտարարության մեջ:

Մի քանի կասկածյալներ նույնականացվել են, նրանցիցի մեկը ձերբակալվել է: