ԱՄՆ բնակիչը ձերբակալվել է այն բանից հետո, երբ հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում խոստովանել է, որ սպանել է իր ծնողներին, հայտնում է Sky News-ը։
53-ամյա Լորենց Կրաուսը ձերբակալվել է հինգշաբթի օրը՝ WRGB հեռուստաընկերության ստուդիան լքելուց հետո, որը գտնվում է Նյու Յորքի Օլբանի քաղաքում։ Հենց այնտեղ նա հայտարարել է, որ խեղդել է ծնողներին։ Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության և դի թաքցնելու հոդվածներով։
Ուրբաթ օրը Կրաուսը Օլբանիի քաղաքային դատարանում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները։
Ըստ նրա․ ծնողների՝ Ֆրանցի և Թերեզայի մահը տեղի է ունեցել «մոտավորապես 2017 թվականի օգոստոսին» և եղել է «գթասիրտ սպանություն»՝ ծերացող և թուլացող ծնողների հանդեպ։
Կրաուսը պատմել է, որ իր 92-ամյա հայրը այլևս չէր կարողանում մեքենա վարել՝ կաթարակտի վիրահատությունից հետո, իսկ 83-ամյա մայրը վնասվածք էր ստացել՝ փողոցն անցնելիս ընկնելու հետևանքով։ Սակայն նա չի նշել, թե արդյոք նրանցից որևէ մեկը ունեցել է կյանքին վտանգ սպառնացող վիճակ։ Լրագրող Գրեգ Ֆլոյդի հարցին՝ արդյոք սպանել է այդ զույգին, նա պատասխանել է. «Ես թաղել եմ նրանց իրենց տարածքում»։
Նրան ձերբակալել են հաջորդ օրը՝ այն բանից հետո, երբ քննիչները տանը երկու դի են հայտնաբերել։
Միևնույն ժամանակ, տարեց զույգի անունով շարունակվում էին սոցիալական ապահովության վճարումները, չնայած նրան, որ նրանց երկար տարիներ ոչ ոք չէր տեսել և նրանց մասին ոչինչ չէր լսվել։
Ոստիկանությունը պնդում է, որ Կրաուսը հավաքել է ծնողների նպաստները և օգտագործել այդ գումարները անձնական նպատակներով։



























