Ադենի ծոցում նավարկող նավը հրդեհվել է հրթիռային հարվածի հետևանքով: Ըստ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի՝ այն, ըստ երևույթին, իրականացրել են ապստամբ հութիները:
Ավելի վաղ եմենական լրատվամիջոցները հայտնել են Իրանի աջակցությունը վայելող զինյալ խմբավորման վերահսկվող տարածքից բալիստիկ հրթիռի հնարավոր արձակման մասին:
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գրասենյակից (UKMTO) հայտնել են, որ մեկնելուց կարճ ժամանակ անց Ադենի ափից մոտավորապես 235 կիլոմետր հեռավորության վրա նավարկող նավի անձնակազմը հայտնել է «ճողփյուն և ծուխ» տեսնելու մասին, հաղորդել է Euronews-ը:
UKMTO-ում հայտարարել են, որ «նավին հարվածել են անհայտ արկով», և նավի վրա հրդեհ է բռնկվել: Բրիտանական ծովային անվտանգության Ambrey ընկերությունը, UKMTO-ի հետ միասին, խորհուրդ է տվել տարածաշրջանում նավարկող բոլոր նավերին զգույշ լինել:
Վերջին երկու տարիների ընթացքում հութիների հարձակումներն, ըստ հաղորդումների, խաթարել են Կարմիր ծովի կարևորագույն երթուղով նավագնացությունը, որով պատերազմից առաջ տարեկան մոտ 1 տրիլիոն դոլարի արժողությամբ ապրանքներ էր տեղափոխվում:





























