Ողջունելով օգոստոսի 8-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված համաձայնագիրը, չեմ կարող չհիշեցնել, որ մենք բազմիցս խոսել ենք ԱՄՆ-ի և Հայաստանի միջև կրկնակի հարկումը բացառող հարցի լուծման կարևորության մասին։ Այս մասին սեպտեմբերի 30-ին «Countries Under One Roof» համաժողովում հայտարարել է Չիկագոյում Հայաստանի պատվավոր հյուպատոսի ավագ խորհրդական Պարույր Սարգսյանը։

Նա նկատել է, որ այդ հարցը երկար ժամանակ քննարկվում է, բայց չի լուծվում, մինչդեռ եթե Հայաստանը ցանկանում է ներգրավել ներդրումներ ԱՄՆ-ից, պետք է ակտիվություն ցուցաբերի այս ուղղությամբ։ «Օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրի կարևոր հետևանքը պետք է լինի կրկնակի հարկումը բացառելը։ ԱՄՆ-ում կան բազմաթիվ ներդրողներ, ովքեր ցանկանում են գործունեություն ծավալել Հայաստանում, սակայն նրանց հետ է մղում այս գործոնը», - հավելել է Սարգսյանը։

Նա պարզաբանել է, որ պետք է գրագետ ներկայացնել Հայաստանը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ արտահանման ծավալը կազմում է ընդամենը 57-60 մլն դոլար։ «Հայաստանը ներկայացված է ընդամենը 3-4 նահանգներում, ուստի կարևոր է ընդլայնել դիվանագիտական ներկայությունը ԱՄՆ-ում։ Մենք պետք է աշխատենք ոչ միայն սփյուռքի, այլև այլ գործարարների հետ», - նշեց դիվանագետը։

Նա մատնանշել է ոչ միայն մրգերի, բանջարեղենի և ալկոհոլի արտահանման կարևորությունը, այլև արդյունաբերության զարգացման և համապատասխան արտադրանքի արտահանման աճի վրա աշխատելու կարևորությունը։ Պարույր Սարգսյանը նկատեկ է, որ օրենսդրական բազան նույնպես պետք է կատարելագործվի ներդրումային միջավայրի գրավչության տեսանկյունից, ինչպես նաև անհրաժեշտ է իրականացնել հնարավորությունների գույքագրում։