Վիետնամում «Բուալոյ» թայֆունի զոհերի թիվը գերազանցել է 50-ը, ուրբաթ հայտնել է կառավարությունը, իսկ տասնյակից ավելի մարդիկ դեռեւս անհետ կորած են համարվում փոթորկի առաջացրած լայնածավալ ջրհեղեղներից հետո, հաղորդել է AFP-ն։
Կիրակի երեկոյան «Բուալոյը» հարվածել է Վիետնամի կենտրոնական հատվածին՝ ժամում 130 կիլոմետր արագությամբ քամու ուժգնությամբ, ցամաքում այն մնացել է գրեթե 12 ժամ։
Այս շաբաթ փոթորկի հետեւանքով տեղացած հեղեղատարափ անձրեւները հեղեղել են մայրաքաղաք Հանոյը, իսկ հեղեղումներն ու սողանքները վնասել են ավելի քան 200 000 տուն, հանրային ենթակառուցվածքներ եւ գյուղատնտեսական հողեր ամբողջ երկրում։
Շրջակա միջավայրի նախարարությունը գնահատել է, որ «Բուալոյի» պատճառած վնասը կարող է հասնել մինչեւ 600 միլիոն դոլարի։
Նախարարությունը ուրբաթ հրապարակված իր վերջին հայտարարության մեջ հայտնել է, որ փոթորկից եւ դրա հետեւանքներից զոհվել է առնվազն 51 մարդ, եւս 14-ը անհետ կորած է համարվում։ Երկրի հյուսիսային լեռնային շրջաններում սողանքները մի քանի մարդու կյանք են խլել եւ խաթարել են Սապան եւ Մու Ցանգ Չայի նման զբոսաշրջային վայրերի հասանելիությունը։
Ըստ գլխավոր վիճակագրության գրասենյակի՝ փոթորիկները Վիետնամում հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում պատճառել են 371 միլիոն դոլարի վնաս, ինչը երեք անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
«Յագի» թայֆունը անցած տարվա սեպտեմբերին խլել է հարյուրավոր մարդկանց կյանքեր Վիետնամում եւ 3,3 մլրդ դոլարի տնտեսական վնաս պատճառել։





























