Լոս Անջելեսում մի տղամարդու են ձերբակալել, որը քաղաքապետարանի շենքի դիմաց մոտ երկու ժամ անցկացրել էր իր մեքենայի մեջ, հաղորդում է Fox 11-ը։
Ոստիկանությունը հայտնում է, որ վարորդը դիտավորյալ է մոտեցել քաղաքապետարան տանող աստիճաններին, ինչի հետևանքով տարհանվել է շրջակա տարածքը, այդ թվում՝ Գրանդ Պարկը։
Միջադեպը տեղի է ունեցել կեսօրից հետո՝ մոտավորապես ժամը չորսին։ Երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, տղամարդն արդեն եղել է քաղաքապետարանի աստիճանների դիմաց կայանված մեքենայի մեջ և հրաժարվել է դուրս գալ։ Ինչպես հայտնել է ոստիկանության կապիտան Ամիրա Էպպոլիտոն, մեքենայի ներսում տեսանելի են եղել տարօրինակ գրություններ, ինչը իրավապահների մոտ սպառնալիքի կասկած է առացարել, ուստի դեպքի վայր են ժամանել այլ լրացուցիչ ծառայություններ։
Մոտավորապես երեկոյան ժամը վեցին տղամարդը, այնուամենայնիվ, դուրս է եկել մեքենայից և հանձնվել ոստիկանությանը։ Ուղղաթիռի տեսախցիկները ֆիքսել են ավտոմեքենայի դիմապակուն ամրացված երկու պաստառ։ Մեկի վրա գրված էր՝ «I NEED UR HELP D TRUMP U.S. VET» («Ինձ պետք է քո օգնությունը, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ բանակի վետերան»), իսկ մյուսի վրա՝ «Don’t Want To Hurt No Body» («Չեմ ուզում ոչ մեկին վնասել»):
Մեքենայի զննության ժամանակ զենք կամ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել, սակայն ներսում գտնվել է թթվածնի բալոն։ Շենքի շրջակայքը ժամանակավորապես շրջափակվել էր, իսկ աշխատակիցներն ու այցելուները՝ տարհանվել։ Քաղաքապետ Քարեն Բասսի ներկայացուցիչը հայտնել է, որ միջադեպի պահին քաղաքապետարանի շենգը դատարկ է եղել և քաղաքապետը այնտեղ չի գտնվել։





























