Անցած շաբաթվա ընթացքում ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումի դեպքերով կազմվել են ընդհանուր թվով 81 արձանագրություն։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկման վարչության պետի պաշտոնակատար Սամվել Ղուկասյանը։

«Նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունների թիվը նվազել է 6–ով։ Հող օգտագործման ոլորտում սահմանված պայմանների խախտման դեպքերով կազմվել են ընդհանուր թվով 29 արձանագրություն, նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունը թիվը նվազել է 21-ով։ Շինհրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերով կազմվել են թվով 127 արձանագրություն»,–ասաց նա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշեց. «Մի քանի կարևոր արձանագրում անենք. առաջին արձանագրումը այն է, որ շինհրապարակների պատշաճ կահավորման արձանագրություններով պայմանավորված, մենք հաջորդ տարի կառուցապատողներին հնարավոր տարատեսակ արտոնությունները, մասնավորապես շինթույլտվության ժամկետների երկարաձգման, հնարավոր վճարների, տուրքերի արտոնությունները նաև դիտարկելու ենք շինհրապարակների կահավորման կոնտեքստում։

Մեր գործընկերները այսօրվանից պետք է իմանան, որ իրենց շինհրապարակները ոչ պատշաճ կերպով կահավորելու դեպքում, իրենք չեն ունենալու այն արտոնությունները, ինչը որ կունենային, եթե պատշաճ կահավորած լինեին։

Ուզում եմ հատուկ շեշտել հենց այս պահից սկսած, որ դա էական ազդեցություն է ունենալու կառուցապատողների տուրքերի վրա և ինչպիսին վերաբերմունք կառուցապատողները կցուցաբերեն ավագանու որոշման նկատմամբ, մասնավորապես ցանցերով և համապատասխան կահավորման մասով, համապատասխան վերաբերմունք էլ ավագանին կցուցաբերի կառուցապատողների նկատմամբ, այսինքն նույն չափով և համարժեքորեն։

Հարգելի կառուցապատողներ հաշվի առեք որ ձեր չտեղադրված փոշու կլանիչ ցանցերը, ձեր չտեղադրված օդի որակի չափիչ սարքերը, ձեր ոչ պատշաճ կահավորումը ֆինանսապես էականորեն ազդելու է ձեզ վրա, վստահաբար եմ ասում։ Ուզում եմ հատուկ հիմա շեշտել, սա այն է, ինչ մենք ավագանիով դեկտեմբերին որոշումը ընդունելու ենք։

Հարգելի կառուցապատողներ, խնդրում եմ այս ուղերձը շատ ուշադիր լսեք, որովհետև հաջորդ տարի կարող է շատ բարդ տարի լինի ձեզ համար այս առումով»։