ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նախաձեռնությամբ մաքսատուրքերի սահմանումը հանգեցրել է արժութային շուկաներում անորոշության աճի: Նման եզրակացություն է պարունակում հոկտեմբերի 7-ին հրապարակված Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գլոբալ ֆինանսական կայունության զեկույցի վերլուծական գլխում:
Նշվում է, որ «առևտրային քաղաքականության զարգացումների, մատակարարման շղթայի տեղաշարժերի և աշխարհաքաղաքական լարվածության հետևանքով առաջացած փոփոխվող համաշխարհային տնտեսական լանդշաֆտի պայմաններում, ԱՄՆ մաքսատուրքերի ապրիլին հայտարարությունից հետո անորոշության աճը բացահայտել է ծանոթ և նոր օրինաչափություններ»: Մասնավորապես, փորձագետները նշում են, որ «սպոտ շուկայում ոչ ռեզիդենտների կողմից ԱՄՆ դոլարի պահանջարկը աճել է, չնայած ոչ այնքան կտրուկ», ինչպես, օրինակ, ՔՈՎԻԴ-19 համավարակի ժամանակ:
Միևնույն ժամանակ, տարբեր երկրների առևտրային մոտեցումների տարբերությունները դարձել են «ավելի նկատելի»: Զեկույցում նշվում է նաև, որ «որոշ տնտեսություններ անցել են դոլարի զուտ վաճառքի»: Փորձագետները միաժամանակ մատնանշում են «հեջավորման (ներդրումային դիրք, որի նպատակն է նվազեցնել ներդրումների արդյունքում հավանական կորուստների կամ օգուտների ռիսկը –խմբ.)աճող պահանջարկը»՝ որպես ոչ բանկային հաստատությունների շրջանում «դոլարի արժեքի ապագա անկումից պաշտպանության» միջոց:




























