Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի Կամպինաս քաղաքում բացվել է մոծակներ բուծող աշխարհի խոշորագույն գործարանը, որն ի վիճակի է շաբաթական մինչև 190 միլիոն միջատ արտադրել, գրում է Oddity Central-ը։ Գործարանի կառուցումը երկրում դենգե տենդի դեմ պայքարի լայնածավալ ծրագրի մի մասն է։
1300 քառակուսի մետր տարածք զբաղեցնող օբյեկտում բուծվում են Aedes aegypti մոծակներ, որոնք վարակված են դենգեի վիրուսի բազմացումը միջատների շրջանում խոչընդոտող Wolbachia անվնաս մանրէով: Վայրի բնության մեջ բաց թողնելուց հետո այս մոծակները չեն կարողանում փոխանցել վիրուսը մարդկանց, իսկ նրանց սերունդները ժառանգում են նույն պաշտպանիչ հատկությունը։
Բազմացման գործընթացը մանրակրկիտ վերահսկվում է. թրթուրներն աճում են նախապես որոշված ջերմաստիճանում ջրով լցված հատուկ տեփուրներում, չափահաս արուներին տրվում է քաղցր լուծույթ, իսկ էգերին՝ մարդու մաշկը նմանակող պարկերով կենդանիների արյուն: Մոծակները վանդակներում ապրում են մոտ մեկ ամիս, որի ընթացքում նրանք բազմանում և ձվադրում են, որոնցից սկսում է հաջորդ բոլորաշրջանը։
Մասնագետների կարծիքով՝ մեթոդն արդեն իսկ արդյունավետ է եղել մի քանի երկրներում, սակայն Բրազիլիան առաջինն է, որը կիրառում է այն այդքան մեծ մասշտաբով: Դա պայմանավորված է հիվանդության աննախադեպ բռնկումով. 2024 թվականին Բրազիլիայում գրանցվել է ամբողջ աշխարհում դենգեի բոլոր գրանցված դեպքերի ավելի քան 80%-ը։
Նոր գործարանի հզորությունը հնարավորություն կտա բավարար քանակությամբ մոծակներ բուծել՝ տարեկան մինչև 100 միլիոն մարդու կանխարգելիչ բուժում ապահովելու համար։





























