Արևային էներգիան այնքան մատչելի է դարձել, որ ամենաարևոտ երկրներում մեկ կիլովատտ-ժամի արտադրությունն արժե ընդամենը 0,02 ֆունտ (մոտ 10.22 դրամ)՝ ավելի էժան, քան ածուխը, գազը կամ քամին։ Նման եզրակացության են հանգել Սուրեյի համալսարանի գիտնականները։ Հետազոտությունը հրապարակվել է Energy & Environmental Materials (E&EM) գիտահանրամատչելի հանդեսում։
«Նույնիսկ 50-րդ զուգահեռականում գտնվող Մեծ Բրիտանիայում արևային էներգիան արդեն իսկ ամենաէժան տարբերակն է լայնածավալ էլեկտրաէներգիայի արտադրության համար։ Համաշխարհային մասշտաբով տեղադրված արևային էներգիայի ընդհանուր հզորությունը գերազանցել է 1,5 տերավատը՝ կրկնակի ավելի, քան 2020 թվականի ընդհանուր հզորությունը։ Դա բավարար է հարյուր միլիոնավոր տներ էլեկտրաէներգիայով ապահովելու համար»,- նշել է հետազոտության համահեղինակ պրոֆեսոր Ռավի Սիլվան։
Գիտնականների տվյալներով՝ լիթիում-իոնային մարտկոցների արժեքը 2010 թվականից ի վեր նվազել է 89%-ով, ինչն «արևային՝ գումարած կուտակիչ համակարգերը» դարձնում է նույնքան արդյունավետ, որքան գազով աշխատող էլեկտրակայանները։ Նման հիբրիդային համակարգերն արդեն լայնորեն տարածված են և հնարավորություն են տալիս ցերեկն էներգիա կուտակել և օգտագործել գիշերը՝ արևային էներգիան վերածելով կայուն և կառավարելի էներգիայի աղբյուրի։
Սակայն չնայած սրընթաց տեխնոլոգիական առաջընթացին, հետազոտողները զգուշացնում են նոր մարտահրավերների մասին։ Նման մարտահրավերներից մեկը ցանցի գերբեռնվածությունն է՝ պայմանավորված ավելցուկային արտադրությամբ։ Որոշ տարածաշրջաններում, մասնավորապես՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նանանգում և Չինաստանում, ավելցուկային արտադրությունը հանգեցնում է հարկադիր էներգիայի կորստի՝ ցանցի սահմանափակ թողունակություն պատճառով։
«Արևային էներգիայի աճող ինտեգրումը էներգետիկ համակարգերում առաջիկա տարիների ամենակարևոր մարտահրավերներից մեկն է։ Մեզ անհրաժեշտ են խելացի ցանցեր, արհեստական բանականության վրա հիմնված կանխատեսումներ և ավելի ամուր միջտարածաշրջանային կապեր՝ էներգամատակարարման կայունությունը պահպանելու համար»,- ընդգծել է հետազոտության մեկ այլ համահեղինակ՝ դոկտոր Էհսան Ռեզաեին։




























