Instagram, Facebook և Snapchat սոցիալական ցանցերի հասանելիությունը Աֆղանստանում սահմանափակվել է, հայտնում է NetBlocks ինտերնետային մոնիթորինգի ծառայությունը։

«Տվյալները ցույց են տալիս, որ Աֆղանստանում մի քանի մատակարարներ այժմ սահմանափակել են Instagram, Facebook և Snapchat սոցիալական ցանցերի հարթակները. սա տեղի է ունեցել անցյալ շաբաթվա հեռահաղորդակցության անջատումից հետո»,- ասված է ծառայության՝ Х սոցիալական ցանցում տարածած հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 29-ին NetBlocks ինտերնետային մոնիթորինգի ծառայությունը հայտնել է Աֆղանստանում ինտերնետի լիակատար անջատման մասին՝ «Թալիբանի»՝ «բարոյականության պարտադրման» միջոցառումների ֆոնին։ Սեպտեմբերի 30-ին Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելությունը հայտնել է, որ երկրում ավելի քան 43 միլիոն մարդ կտրվել է համացանցից, իսկ համացանցի անջատումն ազդել է ֆինանսական և բանկային ծառայությունների, առողջապահության և կյանքի այլ ոլորտների վրա։

Ինտերնետային ծառայությունների վերականգնման մասին լուրը հայտնի է դարձել Աֆղանստանի իշխող «Թալիբան» շարժման կողմից համազգային ինտերնետի արգելքի մասին պնդումները հերքելուց մի քանի ժամ անց. որպես համացանցի անջատման պատճառ նշվել են մաշված ենթակառուցվածքները։