Ժնեւի Էկումենիկ կենտրոնում, հունվարի 24-25-ին, տեղի է ունեցել Եվրոպական Եկեղեցիների կոնֆերանսի Կենտրոնական կոմիտեի հանդիպումը, որի ընթացքում կոնֆերանսի մասնակիցներն անդրադարձել են նոր գլխավոր քարտուղարի ընտրության, 2013 թ-ին կայանալիք Եվրոպական Եկեղեցիների կոնֆերանսի 14-րդ համագումարին եւ Եվրոպական Եկեղեցիների կոնֆերանսի վերակազմավորման հանձնախմբի զեկույցին:

Ժողովականները Բելգիայի Միացյալ Բողոքական Եկեղեցիների նախագահ վերապատվելի դոկտոր Գի Լիագղային ընտրել են որպես ԵԵԿ գլխավոր քարտուղար, իրենց դիտարկումներն են փոխանցել 14-րդ համագումարն նախապատրաստող հանձնախմբին, ինչպես նաեւ քննարկել ԵԵԿ վերակառուցման հանձնախմբի ներկայացրած խորհրդակցական փաստաթուղթը:

Ժողովին մասնակցել է Եվրոպական Եկեղեցիների կոնֆերանսի Կենտրոնական կոմիտեում Մայր աթոռ սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ, Մայր աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատախանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Սրբազան Հայրը եւ Շվեյցարիայի Հայոց թեմի առաջանորդական տեղապահ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը մի շարք հանդիպումներ են ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի եւ Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցիների ներկայացուցչների հետ` քննարկելով համագործակցության եւ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: