Ամերիկյան Google կորպորացիան 10 միլիարդ դոլար է ներդնում Հնդկաստանում արհեստական բանականությամբ աշխատող տվյալների մշակման և ամպային պահեստավորման ամենամեծ կենտրոնի կառուցման համար, հաղորդում է The Economic Times-ը։
Ներդրումները կդառնան Հնդկաստանի թվային ենթակառուցվածքում ամենախոշոր ուղղակի օտարերկրյա կապիտալ ներդրումներից մեկը։ Ընդհանուր 1 գիգավատ հզորությամբ կենտրոնի երեք լայնածավալ համալիրը նախատեսվում է կառուցել մինչև 2028 թվականի հուլիսը՝ հարավ-արևելյան Անդհրա-Պրադեշ նահանգի Վիշակհապատնամ քաղաքի շրջակայքում։ Ծրագիրը ստացել է նահանգի կառավարության հավանությունը, որը հույս ունի, որ կենտրոնը հեռանկարում հնարավորություն կտա ստեղծել 1,8 միլիոն նոր աշխատատեղ և ապագայում Վիշակհապատնամը վերածել «Արհեստական բանականության (ԱԲ) քաղաքի»՝ արհեստական բանականության, ամպային տեխնոլոգիաների և տվյալների վերլուծության գլոբալ կենտրոնի։
«Այս ծրագիրը ամրապնդում է Անդհրա-Պրադեշի առաջատար դիրքը տեխնոլոգիական ոլորտներում բարձրարժեք ներդրումներ ներգրավելու գործում և արագացնում է նահանգի անցումը դեպի արհեստական բանականության վրա հիմնված թվային տնտեսություն»,- հայտարարել է Անդհրա-Պրադեշի գլխավոր նախարար Ն. Չանդրաբաբու Նայդուն։ Կառավարությունը հույս ունի, որ տվյալների մշակման կենտրոնը կնպաստի նահանգում էներգետիկայի, հեռահաղորդակցության միջոցների զարգացմանը, օպտիկամանրաթելային կապի կիրառմանը, ինչպես նաև տրանսպորտային ցանցի զարգացմանը։
Google-ի տվյալների մշակման կենտրոնը Վիշակհապատնամում ինտեգրվելու է վերականգնվող էներգիայի աղբյուրներին և մտնելու է Արհեստական բանականության (ԱԲ) կիրառմամբ նորագույն տեխնոլոգիաների՝ Անդհրա-Պրադեշում նախատեսվող կլաստերի կազմի մեջ։ Հնդկաստանի կառավարության մտահղացմամբ՝ կլաստերը պետք է դառնա Հարավային Ասիայի ամենախոշորը և լինի Հնդկաստանում Արհեստական բանականության ենթակառուցվածքի առաջին միջազգային կենտրոնի մասը։





























