92 տարեկան հասակում մահացել է բրիտանացի կենսաբան, կլոնավորման ոլորտի ռահվիրա, 2012թ․ բժշկության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Գերդոնը, հաղորդել է Daily Star-ը։
Գերդոնը պատմության մեջ է մտել 1962թ․, երբ հաջողությամբ գորտ է կլոնավորել՝ նրա բջջից գենետիկական նյութը տեղափոխելով միջուկազուրկ ձվաբջիջ։ Այս փորձը հիմք է հանդիսացել ոլորտի հետագա հետազոտությունների համար։ Երեք տասնամյակ անց Էդինբուրգի համալսարանի հետազոտողները, Գերդոնի մեթոդների հիման վրա, կլոնավորել են չափահաս բջջից կլոնավորված առաջին կաթնասունին՝ Դոլի ոչխարին։
«Կենսաբանության պրոֆեսորը, որի առաջավոր հետազոտությունները հանգեցրին Դոլի ոչխարի ստեղծմանը, մահացել է 92 տարեկան հասակում»,- հաղորդել է Daily Star-ը։
Գիտնականի մահվան վայրի եւ պատճառի մասին մանրամասներ չեն հայտնվել։
Նոբելյան մրցանակից բացի՝ Գերդոնն արժանացել է բազմաթիվ այլ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ Պաուլ Էրլիխի եւ Լյուդվիգ Դարմշտեդտերի մրցանակների, Թագավորական մեդալի, Միջազգային կենսաբանության մրցանակի, Վոլֆի մրցանակի, ինչպես նաեւ Ռոզենշտիլի եւ Ալբերտ Լասկերի մրցանակների։ 1995թ․ նա ասպետի կոչում է ստացել գիտության մեջ ունեցած ներդրման համար։





























