Գրեթե 3 400 տարի առաջ՝ մ.թ.ա. XIII դարում, երիտասարդ փարավոն Թութանհամոնը թաղվել է անհավանական հարստություններով, այդ թվում՝ մահվան հայտնի ոսկե դիմակով, որը դարձել է Հին Եգիպտոսի խորհրդանիշը: Սակայն այժմ գիտնականները առաջ են քաշել անսպասելի վարկած. հնարավոր է, որ այդ գլուխգործոցը առհասարակ պատանի փարավոնի համար չի ստեղծվել, հաղորդել է Express-ը:

Նոր հետազոտությունը հնագետներին ստիպել է ուշադրություն դարձնել այն մանրամասներին, որոնք երկար ժամանակ էական չեն համարվել:

Դիմակի ականջները ծակված են, ինչը բնորոշ է կանանց եւ երեխաներին, բայց ոչ XVIII դինաստիայի չափահաս տղամարդ փարավոններին։ Բացի այդ՝ դեմքի համամասնությունները եւ կզակի ձեւը ավելի շատ նման են հանրահայտ թագուհի Նեֆերտիտիին, որը փարավոն Էխնաթոնի կինն էր եւ, ըստ մի տեսության, Թութանհամոնին որդեգրած մայրը։

Որոշ եգիպտագետներ կարծում են, որ դիմակը, հնարավոր է, սկզբնապես պատկանել է Նեֆերտիտիին եւ հետագայում վերափոխվել եւ համապատասխանեցվել է երիտասարդ տիրակալին։ Սա կարող էր բացատրել ինչպես դեմքի գծերի անհամապատասխանությունը, այնպես էլ կզակի հիմքի տարօրինակ ներդիրը։

Ավելի քան մեկ դար է անցել 1922թ․ բրիտանացի հնագետ Հովարդ Քարթերի կողմից դամբարանի հայտնաբերումից հետո, սակայն դիմակի շուրջ վեճերը շարունակվում են։ Յուրաքանչյուր տասնամյակի հետ ի հայտ են գալիս ոսկու եւ պիգմենտների վերլուծության նոր տեխնոլոգիաներ, եւ այժմ Կահիրեի եւ Օքսֆորդի մասնագետները հույս ունեն, որ համաձուլվածքի քիմիական կազմը կօգնի ճշգրիտ որոշել արտեֆակտի ծագումը։

Եթե վարկածը հաստատվի, դա կարող է դառնալ եգիպտագիտության ամենազարմանալի հայտնագործություններից մեկը եւ վերաշարադրել հին աշխարհի ամենահայտնի խորհրդանիշի պատմությունը։