Ղրղըզստանի ներքին գործերի նախարարությունը մտադիր է կիրառել վրացական փորձը եւ «օրենքով գող» կարգավիճակի համար քրեական պատասխանատվություն սահմանել: Նախարարությունը մտադիր է համապատասխան օրինագիծն ուղարկել խորհրդարան:
Ինչպես հաղորդում է ԱԿԻpress-ը, «օրենքով գողի» կարգավիճակ ունեցողներին կնստեցնեն յոթ տարով «օբշյակի» ներկայացուցիչներին` հինգ: Օրինագիծը խորհրդարան կուղարկվի 2012 թվականին:
ՆԳՆ-ի նախաձեռնությունը հաջորդել է բիշքեքյան բանտի ցույցին եւ ղրղըզական գաղութների եւ մեկուսարանների բողոքի ակցիաներին: Իշխանությունները պնդում են, որ ըմբոստացման դրսեւորումները հրահրվել են քրեական հեղինակությունների կողմից:
Վրաստանում «օրենքով գողի» կարգավիճակի համար պատիժը մտցվել էր «վարդերի հեղափոխությունից» հետո: Արդյունքում «օրենքով գողերը» կամ հայտնվել էին բանտում, կամ լքել էին Վրաստանը, հիշեցնում է lenta.ru-ն:



























