Գիտնականներն «արթնացրել» են հավերժական սառածության հողի հին մանրէներ և հայտնաբերել, որ դրանք գրեթե անմիջապես սկսում են ածխաթթու գազ (CO₂) արտազատել, գրում է Live Science-ը։
Հետազոտողներն ինկուբացրել են հավերժական սառածության հողի նմուշներ Ալյասկայից տարբեր ջերմաստիճաններում և հայտնաբերել, որ վերջին սառցե դարաշրջանից ի վեր սառեցված միկրոօրգանիզմները ի վիճակի են ակտիվանալ և ածխածին արտազատելով՝ դարձյալ քայքայել օրգանական նյութը։
Եթե արկտիկական ամառները երկարանան, այդ հին միկրոօրգանիզմներն ընդամենը մի քանի ամսից կարող են «արթնանալ», ինչը կարող է շղթայական ռեակցիա առաջացնել. հավերժական սառածության հողի հալեցում, ածխածնի արտազատում և գլոբալ տաքացման արագացում։
Հավերժական սառածության մեջ հողը՝ հողի, ապարների և սառույցի խառնուրդն, ապաստան է տալիս սովորական հալեցման եղանակների ընթացքում անհասանելի խորություններում քնած միկրոօրգանիզմների։
Տաքացմանն նրանց արձագանքը ստուգելու համար գիտնականները նմուշներ են վերցրել են Ալյասկայում տեղակայված Ֆերբենքսի հավերժական սառածության հողի հետազոտական թունելից, որտեղ սառածությունը սփռվում է նահանգի տարածքի մոտավորապես 85%-ում։ Նմուշներն ընկղմվել են ծանր ջրածնի ատոմներ (դեյտերիում) պարունակող ջրի մեջ և պահվել են -4°C, 4°C և 12°C ջերմաստիճաններում՝ պարբերաբար վերահսկելով մանրէային ակտիվությունը։
Առաջին ամսվա ընթացքում քիչ փոփոխություններ են եղել. բջիջների միայն մի փոքր մասն է ակտիվացել։ Սակայն, վեց ամիս անց, 4°C և 12°C ջերմաստիճաններում նմուշները մանրէային համայնքների կազմի և դրանց ակտիվության մակարդակի «արմատական» փոփոխություններ են ցույց տվել. մանրէները կրկին սկսել են աճել, ձևավորել կենսաթաղանթներ և ընդհանուր առմամբ իրենց դրսևորել են ժամանակակից միկրոօրգանիզմների պես։
Այս հայտնագործությունը կարևոր է, քանի որ հավերժական սառածությունը կուտակում է մոտավորապես երկու անգամ ավելի շատ ածխածին, քան ներկայում հանդիպում է մթնոլորտում։ Գլոբալ տաքացման և ավելի երկար արկտիկական ամառների հետ հավերժական սառածության նոր տարածքներն ավելի խոր են տաքանալու, և հին մանրէները կարող են սկսել զանգվածաբար CO₂ և մեթան արտանետել՝ ուժեղացնելով կլիմայի տաքացումը և ստեղծելով արատավոր շրջան՝ տաքացում, հալեցում, ջերմոցային գազերի արտանետումներ և նույնիսկ ավելի շատ տաքացում։
Միաժամանակ, հետազոտությունն ընդգրկել է հավերժական սառցակալածության միայն մեկ տարածք, և այլ շրջաններում մանրէային վարքագիծը կարող է տարբեր լինել։





























