Իտալական GEVI Wind ստարտափը ստացել է 3,1 միլիոն դոլարի ֆինանսավորում՝ իր խելացի ուղղահայաց միկրոքամու տուրբինների գործարկումը արագացնելու նպատակով, էներգիայի արտադրությունը մեծացնելու համար արհեստական ​​բանականություն են օգտագործում և «սովորում են քամուց», գրում է Interesting Engineering-ը։

2022 թվականին ինժեներ Էմանուելե Լուցատիի հիմնադրած Հռոմում գործող ընկերությունը մշակել է ընդամենը երեք մետր բարձրությամբ հավաք մոդուլային տուրբին՝ 5,4 մետր ռոտորի տրամագծով։ Սարքը հարմարվում է փոփոխվող քամու պայմաններին իրական ժամանակում. ինտեգրված արհեստական ​​բանականության կառավարման համակարգի շնորհիվ այն կարգավորում է թևերի թեքությունը յուրաքանչյուր մի քանի միլիվայրկյան՝ հաշվի առնելով հոսքի ուղղությունը, արագությունը և մրրկայնությունը։

Այդ հետադարձ արձագանքը քամու տուրբինին հնարավորություն է տալիս ոչ միայն նմանատիպ ուղղահայաց տուրբինների համեմատ տարեկան էներգիայի արտադրությունը ավելացնել մինչև 60%-ով, այլև ուժեղ քամու պոռթկումների ժամանակ մեխանիկական ծանրաբեռնավածությունը կրճատել շուրջ 80%-ով։ Դա համակարգը դարձնում է դիմացկուն, անվտանգ և գործնականում անաղմուկ. աղմուկի մակարդակը չի գերազանցում 38 դԲ-ն 10 մետր հեռավորության վրա, ինչը համեմատելի է մարդկային շշուկի հետ։

Տուրբինը նախատեսված է 2,5 մ/վրկ քամու արագությամբ աշխատելու համար և արտադրում է 3-5 կՎտ հզորություն՝ բավարար բնակելի կամ արդյունաբերական շենքերի, ինչպես նաև տեղական միկրոցանցերի էլեկտրամատակարարման համար։ Այն կարող է տեղադրվել առանց կռունկների և նվազագույն սպասարկման միջոցով, ինչը ապակենտրոնացված մաքուր էներգիայի համակարգերի համար տեխնոլոգիան իդեալական է դարձնում։

Ֆինանսավորման փուլը գլխավորել են 360 Capital-ը և CDP Venture Capital-ը՝ Acceleratori Fund, MiSE Co-Investment Fund և Toscana Next Fund -ի մասնակցությամբ։ Հավաքված միջոցները GEVI Wind-ին հնարավորություն կտան ամբողջ Եվրոպայում անցնել նախատիպից սերիական արտադրության, կատարելագործել կառավարման ալգորիթմները և տարբեր աշխատանքային պայմանների համար տուրբինների նոր սերունդ մշակել։

Ըստ Լուցատիի՝ «ընկերության նպատակն է ստեղծել տուրբիններ, որոնք սովորում են քամուց և փոխազդում են բնության հետ՝ ցրված էներգիան վերածելով էներգիայի աղբյուրի»։ GEVI Wind-ը պատկերացնում է ապագա, որտեղ քամու էներգիան հասանելի է, արդյունավետ և անխափան ինտեգրված առօրյա կյանքում՝ տանիքներից մինչև հեռավոր համայնքներ։