Առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Գյումրիի ընտրատարածքներում արդեն հիմնականում հայտնի են գլխավոր մրցակիցները:
Մասնավորապես, թիվ 33 ընտրատարածքում առաջադրվելու է ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը եւս հանդես է եկել հայտարարությամբ, որ նույն ընտրատեղամասում առաջադրելու է իր թեկնածոթյունը:
Թիվ 35 ընտրատարածքում, ամենայն հավանականությամբ, մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունը կառաջադրի ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը: Բայց Շիրակի մարզի ընտրատարածքներից ամենաթեժ մրցապայքարը լինելու է թիվ 34 ընտրատարածքում: Այստեղ մրցելու են ԲՀԿ-ից Մարտուն Գրիգորյանն ու Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային թիմի ղեկավար Արման Սահակյանը: Նրան Գյումրիում սատարելու է ՀՀԿ-ն՝ մասնավորապես պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
«Հանրապետական կուսակցությունը որոշել է, որ ես առաջիկա ընտրություններին չեմ մասնակցելու մեծամասնական ընտրակարգով: Իմ անունն ընդգրկվելու է ՀՀԿ համամասնական ցուցակում»,-ասել է Սուքիաս Ավետիսյանը: Նրա խոսքով՝ կուսակցությունն իր փոխարեն առաջադրելու է Արման Սահակյանի թեկնածությունը, իսկ Սուքիաս Ավետիսյանն ու իր համախոհները կուսակցության նախնական որոշմամբ նրա քարոզչությունն են իրականացնելու, որպեսզի « Շիրակ» ֆուտբոլային թիմի նախագահն առաջիկա ընտրություններում կարողանա պայքարել ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի դեմ:
«Արման Սահակյանի առաջադրման մասին շուտով կուսակցության ղեկավար մարմինը կբարձրաձայնի, որից հետո միայն թեկնածուն ֆուտբոլային գործունեությունից դուրս իր անելիքների մասին կխոսի»,-վստահեցրել է Սուքիաս Ավետիսյանը: «Գյումրեցիների շրջանում նա այնքան էլ ճանաչված չէ, բայց կարճ ժամանակահատվածում Սահակյանը կկարողանա շահել ընտրողների վստահությունը»,-ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:



























