Հնագետները պարզել են, որ 2011 թվականին հյուսիսային Խորվաթիայի ջրհորներից մեկում հայտնաբերված մարդկային մնացորդները պատկանում են հռոմեացի զինվորների: Գիտնականները այս եզրակացությանն են հանգել միայն հիմա՝ մարդաբանական և գենետիկական վերլուծություն անցկացնելուց հետո, որի արդյունքները հրապարակվել են PLOS One ամսագրում:
Ոսկորներ պարունակող ջրհորը հայտնաբերվել է երկրի արևելքում՝ Վինկովցի քաղաքին մերձակա Վինկա հնագիտական վայրում: Ներսում առնվազն 10 մարդու մնացորդներ էին. նրանց որոնց մեծ մասը 20-ից 35 տարեկան տղամարդիկ էին:
Գիտնականները նշում են, որ ոսկորները մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքների և, հնարավոր է, մահապատժի բազմաթիվ հետքեր ունեն:
Ռադիոածխածնային թվագրումը ցույց է տվել, որ բոլոր մարմինները ջրհոր են նետվել մ.թ. 3-րդ դարում՝ քաղաքական ցնցումների և քաղաքացիական պատերազմների ժամանակաշրջանում, երբ Հռոմեական կայսրությունը խոր ճգնաժամ էր ապրում: Դատելով նրանց ոսկրային իզոտոպների կազմից՝ մահացածները տարբեր շրջաններից էին, ինչը ցույց է տալիս, որ նրանք պատկանել են կայսրության տարբեր մասերից կազմված ռազմական ստորաբաժանումների:
Գիտնականները ենթադրում են, որ զինվորները սպանվել են տեղական հակամարտության կամ ապստամբության ժամանակ և նետվել ջրհորը՝ որպես ժամանակավոր զանգվածային գերեզման: Վինկովցին, որը հնում հայտնի էր որպես Ցիբալաե, երկու հռոմեական կայսրերի՝ Վալենտինիանոսի և Վաղեսի հայրենի քաղաքն էր, ինչը այս հայտնագործությունը դարձնում է հատկապես խորհրդանշական տարածաշրջանի պատմության համար։
Հետազոտողները կարծում են, որ մնացորդների վերլուծությունը ավելի խոր պատկերացում կտա, թե ինչպես են երրորդ դարի ռազմական հակամարտություններն ազդել Հռոմեական կայսրության ծայրամասային նահանգներում ծառայող սովորական զինվորների կյանքի և մահվան վրա։





























