Գյումրու քաղաքապետարանի մոտ իրավիճակը լարված է։ Մեծ թվով գյումրեցիներ են հավաքվել քաղաքապետարանի մոտ՝ իրենց բողոքն արտահայտելով քաղաքապետարանում կատարվող քննչական գործողություններից, ձերբակալություններից։   

Գյումրու քաղաքապետարան են ժամանել փոխոստիկանապետեր Կարեն Հակոբյանը և Վարդան Վարդանյանը։

«Ժողովրդի հոգսերով աշխատող մարդ է, մարդկանց հարցերին լուծում էր տալիս։ Այս ինչ բան է»,- զայրացած ասում են գյուրմրեցիները՝ նշելով, թե չեն հասկանում, թե ինչու են ձերբակալում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

«Մնացել է  մի քանի ամիս, ձեր փաշօղլին թռնի, դուք էլ հետևից»,- դիմելով պատ կազմած ոստիկաններին՝ նշեց գյումրեցիներից մեկը։

Քաղաքապետարանի մոտ է նաև Վարդան Ղուկասյանի դուստրը։ Տեղում աշխատող 24news.am-ի լրագրողը փոխանցեց, որ Վ. Ղուկասյանի դուստրը ցանկանում է մտնել քաղաքապետարան, սակայն թույլ չեն տալիս։ Հավաքված կանայք փորձում են համոզել ոստիկաններին, որպեսզի թույլ տան ներսի մտնի Ղուկասյանի դուստրը, սակայն թույլ չեն տալիս։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։

Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել են աշխատակիցների ելքն ու մուտքը։ Քաղաքացիներ են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել։ Իրավիճակը լարված է։ Ինչ–որ պահի նույնիսկ քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների ու հավաքված քաղաքացիների միջև։

Լարված է նաև քաղաքապետարանի ներսում։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեկուսացրել են և դռան մոտ զինված ոստիկաններ են կանգնած։ Աշխատակիցները փորձում են ներս մտնել և թույլ չտալ, որ քաղաքապետին ձերբակալեն։

Նշենք, որ Երևանից ոստիկանական շարասյուն է ուղևորվել Գյումրի։

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։

Ձերբակալվածների թվում է նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ կար գաղտնալսված մի ձայնագրություն, որտեղ խոսակցություն էր քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի միջեւ։