ՔՊ-ն այդպես էլ չմարսեց այդ պարտությունը և այս 6-7 ամիսներին հարձակվում է, թե քաղաքապետի, թե այլ գործիչների վրա, ովքեր ողջունեցին պարոն Ղուկասյանին որպես քաղաքապետ, սատարեցին և ձևավորեցին ընդդիմադիր ավագանի։ Այս մասին Գյումրու քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը, ով քիչ առաջ էր դուրս եկել քաղաքապետարանի շենքից։
Նա հայտնեց, որ ՔՊ-ն ամեն գնով փորձելու է զավթել Գյումրին և անցնելու է մյուս համայքներին, որտեղ ղեկավարներն ընդդիմադիր են։
Մելքոնյանն ասաց, որ ՔՊ-ի վարքագծից Վարդան Ղուկասյանը զգում էր, որ այս ամենը կատարվելու է և դրա համար փոխքաղաքապետի պաշտոնը պահանջեց։
«ՔՊ կուսակցության անդամների վարքագծից արդեն պարզ էր, որ անպայման գնալու են այսպիսի գործողությունների»,-ասաց Մելքոնյանը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։
Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել են աշխատակիցների ելքն ու մուտքը։ Քաղաքացիներ են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել, որոնց թիվը գնալով շատանում է։ Իրավիճակը լարված է։ Ինչ–որ պահի նույնիսկ քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների ու հավաքված քաղաքացիների միջև։
Լարված է նաև քաղաքապետարանի ներսում։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեկուսացրել են և դռան մոտ զինված ոստիկաններ են կանգնած։ Աշխատակիցները փորձում են ներս մտնել և թույլ չտալ, որ քաղաքապետին ձերբակալեն։ Քիչ առաջ Վարդան Ղուկսյանը դուրս եկավ աշխատասենյակից և հանգստության կոչ արեց բոլորին, ասելով, որ հիմա օրենքով ամեն ինչ կանեն, հետո կտեսնեն՝ ինչ կլինի։
Նշենք, որ Երևանից ոստիկանական շարասյուն է ուղևորվել Գյումրի։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։
Ձերբակալվածների թվում է նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ կար գաղտնալսված մի ձայնագրություն, որտեղ խոսակցություն էր քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի միջեւ։




























