Շուրջ մեկ ամիս առաջ Ազգային ժողովի ամբիոնից ուղիղ «հանձնարարական» իջեցվեց՝ հետապնդում իրականացնել Գյումրու ընտրված համայնքի ղեկավարի դեմ: Այսօր հանձանարարականը իրագործվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը:

«Եվ սկսվեց քպ-ականների մեղադրական դատավճիռների շքերթը: Եվ քանի որ միայն քպ-ն կարող է որոշել ով է արդար, ով մեղավոր, և քանի որ նաև արդեն գիտեն, որ Ղուկասյանը կալանավորվելու է, մարդկանց զգուշացնում են՝ «տեսնենք ո՞վ քաղբանտարկյալ կանվանի կոռուպցիոներ սրիկային»:

Բայց պարզից էլ պարզ է, որ Փաշինյանի ցուցումը, Գյումրու քաղաքապետարանում իրականացվող գործողությունների ցուցադրական բնույթը, քպ-ականների համակարգված հարձակումը վկայում են՝ սա իրավական սոուսով համեմված քաղաքական հաշվեհարդար է: Այնպես, ինչպես դա տեղի է ունեցել այլ համայնքներում, որտեղ քպ-ն պարտվել է:

Դատաիրավական շոուների անվան տակ ռեպրեսիաները շարունակվում և շարունակվելու են:

Ռեպրեսիաների բաստիոն Հայաստան»,-գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։

Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել են աշխատակիցների ելքն ու մուտքը։ Քաղաքացիներ են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել, որոնց թիվը գնալով շատանում է։ Իրավիճակը լարված է։ Ինչ–որ պահի նույնիսկ քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների ու հավաքված քաղաքացիների միջև։

Լարված է նաև քաղաքապետարանի ներսում։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեկուսացրել են և դռան մոտ զինված ոստիկաններ են կանգնած։ Աշխատակիցները փորձում են ներս մտնել և թույլ չտալ, որ քաղաքապետին ձերբակալեն։ Քիչ առաջ Վարդան Ղուկսյանը դուրս եկավ աշխատասենյակից և հանգստության կոչ արեց բոլորին, ասելով, որ հիմա օրենքով ամեն ինչ կանեն, հետո կտեսնեն՝ ինչ կլինի։

Նշենք, որ Երևանից ոստիկանական շարասյուն է ուղևորվել Գյումրի։

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։

Ձերբակալվածների թվում է նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ կար գաղտնալսված մի ձայնագրություն, որտեղ խոսակցություն էր քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի միջեւ։