«Մեր ձևով» ժողովրդական շարժումը իր անվերապահ սատարումն է հայտնում Գյումրիի ընտրված քաղաքապետին, որի հանդեպ անթաքույց անհամաչափ ու բիրտ հետապնդում է իրացվում։ Այս մասին հայտարարություն է տարարել «Մեր ձևով» շարժումը:

«Ստեղծված իրավիճակում մեր երկրի սթափ մտածող յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ ժողովրդի վստահությունը կորցրած իշխանությունների ակնհայտ բռնաճնշումները վաղ թե ուշ հասնելու են բոլորին։

Ու եթե այս օրերին ժողովուրդը չարտահայտի իր բողոքը և չասի իր խոսքը, ապա Հայաստանի Հանրապետությունը շատ շուտով վերածվելու է տոտալ բռնապետության»:

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։

Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել են աշխատակիցների ելքն ու մուտքը։ Քաղաքացիներ են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել, որոնց թիվը գնալով շատանում է։ Իրավիճակը լարված է։ Ինչ–որ պահի նույնիսկ քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների ու հավաքված քաղաքացիների միջև։

Լարված է նաև քաղաքապետարանի ներսում։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեկուսացրել են և դռան մոտ զինված ոստիկաններ են կանգնած։ Աշխատակիցները փորձում են ներս մտնել և թույլ չտալ, որ քաղաքապետին ձերբակալեն։ Քիչ առաջ Վարդան Ղուկսյանը դուրս եկավ աշխատասենյակից և հանգստության կոչ արեց բոլորին, ասելով, որ հիմա օրենքով ամեն ինչ կանեն, հետո կտեսնեն՝ ինչ կլինի։

Նշենք, որ Երևանից ոստիկանական շարասյուն է ուղևորվել Գյումրի։

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։

Ձերբակալվածների թվում է նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ կար գաղտնալսված մի ձայնագրություն, որտեղ խոսակցություն էր քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի միջեւ։