Ուրեմն Գյումրիում այսօր հարձակում է ոչ թե Վարդան Ղուկասյան անձի, այլ ժողովրդի քվեի վրա, որը հարկավոր է պաշտպանել Հայաստանում ժողովրդավարության գլխավոր թշնամուց։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա, մասնավորապես, նշել է. ««Երկու հիշեցում։
Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքները, որոնց արդյունքում քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղուկասյանը, չեն վիճարկվել դատական կարգով։
Երեք շաբաթ առաջ Ազգային ժողովի ամբիոնից վարչախմբի ղեկավարը հայտարարեց, որ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ լինելն ինքը համարում է թյուրիմացություն, որը պատրաստվում է շտկել։
Սա այն ամենն է, ինչ հարկավոր է իմանալ այսօր կատարվողի վերաբերյալ։ Ուրեմն Գյումրիում այսօր հարձակում է ոչ թե Վարդան Ղուկասյան անձի, այլ ժողովրդի քվեի վրա, որը հարկավոր է պաշտպանել Հայաստանում ժողովրդավարության գլխավոր թշնամուց։
Միևնույն ժամանակ, այս իրավիճակում չափազանց կարևոր է Գյումրիի ընդդիմադիր ուժերի պահվածքը, ովքեր պետք է ամեն կերպ կանխեն Հանրապետության երկրորդ քաղաքում իշխանության զավթումը»,- գրել է Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Կարծում եմ, որ ընտրությունների արդյունքների հետ կապված էլ խնդիր ունենք այնտեղ։ Գիտենք, որ այնտեղ ընտրակաշառք է բաժանվել։ Մենք պետք է մեխանիզմներ ունենանք, որ հետագայում բացառենք նման դեպքերը, որ մարդիկ ընտրակաշառք բաժանելով... Վերջում էլ, ըստ էության, թյուրիմացաբար դառնան, հասնեն այդ կարգավիճակին։ Դա թյուրիմացություն է, որ հընթացս կշտկվի... և երևույթը և հայտարարությունը, և հեղինակը»։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ։ Ձերբակալվածների թվում է նաև համայնքի ղեկավարը, ճարտարապետը։





























