Պեկինի ROBOT MALL-ը աշխարհում առաջին 4S կենտրոնն է արհեստական ինտելեկտով ռոբոտների համար, որը միավորում է վաճառքի, սպասարկման, պահեստամասերի մատակարարման և վերլուծության գործառույթները։ Այս նոր ձևաչափը նախատեսված է որպես կարևոր քայլ ռոբոտաշինության արդյունաբերության համար փակ ցիկլի էկոհամակարգ ստեղծելու ուղղությամբ:

ROBOT MALL-ը հանդես է գալիս որպես ամբողջական ցիկլի ինտեգրված լուծումների մատակարար՝ առաջարկելով ոչ միայն ավանդական 4S գործառույթներ (Sales, Sparepart, Service, Survey), այլև լրացուցիչ բիզնես մոդելներ՝ անհատական մշակում, ֆինանսական ծառայություններ և ռոբոտների լիզինգ։


Ծրագրի նպատակն է ապահովել սպասարկում և աջակցություն արտադրանքի կյանքի ցիկլի բոլոր փուլերում՝ հետազոտություններից ու փորձարկումներից մինչև շուկա դուրսբերում և գործնական կիրառություն։
Համալիրի առաջին տարբերակը՝ ROBOT MALL 1.0-ը, տեղակայված է Պեկինի Robot World համալիրում և զբաղեցնում է չորս հարկ՝ ընդհանուր 4000 քառակուսի մետր մակերեսով։

Առաջին հարկում տեղակայված է Խելացի արտադրության և ցուցադրության գոտին (Smart Manufacturing & Selection Zone), որտեղ ներկայացված են ռոբոտների առաջատար մոդելներ և ինտերակտիվ հարթակներ փորձարկումների համար։

Երկրորդ հարկը Ապագա փոխգործակցության գոտին է (Future Interaction Zone), որը միավորում է գիտակրթական ցուցադրությունները ռոբոտաշինության կիրառման առևտրային սցենարների հետ։


Երրորդ հարկը նախատեսված է տեխնիկական սպասարկման և աջակցության համար (Smart Maintenance Zone), իսկ չորրորդը Premium Consensus Lounge-ն է՝ բարձրակարգ տարածք ոլորտում բանակցությունների և գործնական կապերի հաստատման համար։
Կազմակերպիչների խոսքերով՝ ROBOT MALL-ը ստեղծում է նոր ստանդարտ արդյունաբերական սպասարկման ոլորտում՝ ներդնելով սպասարկման և հաճախորդի փորձի միասնական սկզբունքներ։ Միաժամանակ, ծրագիրը նպաստում է ռոբոտաշինության ոլորտի փակ շղթայի ամրապնդմանը՝ միավորելով հետազոտությունների, ցուցադրությունների, վաճառքի և սպասարկման փուլերը։

Հատուկ ուշադրություն է դարձվում գոյություն ունեցող նորարարական ձևաչափերի, ներառյալ Robot World-ի տարածքում գործող ռոբոտացված ռեստորանների և հյուրանոցների հետ համատեղ աշխատանքին (սիներգիային)։ Այս ինտեգրումը ձևավորում է լիարժեք հարթակ, որտեղ ընկերությունները կարող են ոչ միայն ցուցադրել մշակումները, այլև փորձարկել դրանք իրական պայմաններում։

2025 թվականի Ռոբոտաշինության համաշխարհային կոնֆերանսի (World Robot Conference 2025) ընթացքում ROBOT MALL-ը կներկայացվի որպես սպասարկման նորարարությունների ոլորտի առանցքային նվաճումներից մեկը։

Նոր ձևաչափը, որն ընդգրկում է ռոբոտի ամբողջ կյանքի ցիկլը, խորհրդանշում է ոլորտի անցումը առանձին արտադրանքների ցուցադրումից դեպի էկոհամակարգային լուծումների ստեղծումը։

Նախագիծը նաև դիրքավորվում է որպես «E-Town Solution»-ի մաս՝ գլոբալ ռոբոտաշինության արդյունաբերության էկոհամակարգի զարգացման համապարփակ մոտեցում, որը միավորում է գիտությունը, տեխնոլոգիաները և բիզնեսը մեկ հարթակի վրա։
Խորեն Գրիգորյան Պեկինից





























