Ֆորմալ առումով, իհարկե, որոշակի աննախադեպություն այստեղ կա, քանի որ փաստացի վերացվեց այն արգելքը, որը դրված էր Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման վրա։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը հանել է իր տարածքով բեռների Հայաստան տեղափոխման սահմանափակումները և ղազախական ցորենը կարող է այդ ճանապարհով հասնել Հայաստան։
«Բայց եթե հարցը դիտարկում ենք գետնի վրա հստակ քանակական և աշխարհագրական չափումով, ապա ակնհայտ է, որ գործ ունենք մի լոգիստիկայի ձևավորման հետ, որը անխուսափելիորեն ներառում է Վրաստանը։ Փաստացի, սա ավելի շատ տեղավորվում է աշխարհաքաղաքական PR-ի տրամաբանության մեջ, որը հետապնդում է շատ լուրջ նպատակներ։ Իմ խորին համոզմամբ, սրա նպատակն է ցույց տալ, որ Հարավային Կովկասում կարող է ձևավորվել այլընտրանքային տրանսպորտային համակարգ, մասնավորապես, այնպիսի ձևաչափով, որ առավելապես կամ հնարավորինս ինտեգրվի, այսպես կոչված, «միջին միջանցքի» մեջ, որը կենտրոնական տեղ է զբաղեցնում Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային լոգիստիկ երթուղու վրա։
Սա բխում է 2e ԵՄ շահերից, որը Հայաստանին տեսնում է «գլոբալ գեթվեյ» նախաձեռնության մեջ, որը հենց նույն Եվրոպա-Կովկաս-Ասիային է ուղղված նաև, սա տեղավորվում է նաև Ադրբեջանի ռազմավարական նպատակադրումների մեջ, որը Հայաստանին փորձելով ներքաշելով միջին միջանցքի մեջ որոշակի դիվիդենտներ և հնարավորություններ է ձեռք բերում առաջիկայում այդ միջանցքային պրոցեսներում որոշակի առավել դիրքերից հանդես գալու նպատակով։
Այնպես որ ես կարծում եմ զուտ որպես տնտեսական էֆեկտ, իհարկե, այս արգելքի վերացումը չի ունենա որևէ հեռանկար, բայց աշխարհաքաղաքական ազդակների տեսանկյունից ակնհայտ է, որ մենք գործ ունենք տրանսպորտային շատ լուրջ վերափոխման փորձի հետ մեր տարածաշրջանում»,–ասաց փորձագետը։
Հարցին՝ սա որքանո՞վ է Հայաստանին ուղղակիորեն առնչվում, Վահե Դավթյանը պատասխանեց. «Փորձ է արվում Հայաստանը ներքաշել միջին միջանցքի լոգիստիկայի մեջ։ Միջին միջանցքը իր հերթին Հայաստանի պարագայում անխուսափելիորեն ենթադրում է Սյունիքի տարածքով կոմունիկացիայի ձևավորում։ Թե այդ կոմունիկացիան ինչ ձևաչափով և ինչ իրավական կարգավիճակ կունենա, սա իհարկե խոսակցության այլ թեմա է։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղազախստանը հանդես է գալիս միջին միջանցքի շատ կարևոր դերակատար, շատ կարևոր հանգույց, ամենևին էլ պատահական չէ, որ այս առաջին սիմվոլիկ քայլը արվեց հենց Ղազախստանի ներգրավմամբ, այն էլ ցորենի մատակարարման մասով։
Այստեղ խնդիրն այն է, որ այս լոգիստիկան ձևավորելով ստեղծում են Հարավային Կովկասում այլընտրանք ռուսական տրանսպորտային ազդեցությանը, ռուսական տրանսպորտային գործոնին։ Բազային նպատակը դա է, այլապես այս գործարքում կարող էր մասնակցություն ունենալ նաև Ռուսաստանը, որը Հայաստանում ցորենի մոտ 50%-ի և հացահատիկի մոտ 99%-ի մատակարարն է»։
Նրա խոսքով, սա շատ լավ առիթ է Ադրբեջանի համար ցույց տալու, որ իրենք պատրաստ են լիարժեք ապաշրջափակում իրականացնել, բայց սա ընդամենը օգտագործվելու դիվանագիտական տիրույթում, որովհետև գետնի վրա պրակտիկորեն մենք տեսնելու ենք, որ այս որոշումն օգտագործվելու է առաջիկայում Սյունիքով ձևավորվող միջանցքի ձևաչափի և իրավական կարգավիճակի շուրջ բանակցություններում։
Հայաստանի իշխանությունները հնարավորություն կստանան ներկայացնելու այս ամենը որպես շատ կարևոր և աննախադեպ ձեռքբերում, որը թույլ է տալու Հայաստանին միանալ թե՛ Ասիային, թե՛ Եվրոպային, և սա բավականին լավ նախընտրական հնարք կարող է լինել նրանց համար»,– ընդգծեց նա։




























